«Ես չեմ հարձակվում նրա վրա, բայց ամենաբարձր վարձատրվող խաղացողը պետք է օրինակ լինի»․ Կարագերը՝ Օզիլի մասին
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը քննադատել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի որոշումն աշխատավարձի նվազեցման մասին:
«Նրա գործակալը ոչ մի լավ բան չի արել նրա համար՝ երեք-չորս շաբաթ առաջ ասելով նրան, որ ինքը պետք է սպասի և տեսնի, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Նա միշտ զգում էր, որ կարող է խնդիր առաջանալ:
Խաղացողների ընդամենը երկու խումբ կա, որոնք գուցե լիովին չեն մասնակցում աշխատավարձի նվազմանը. նրանք երիտասարդ տղաներ են, ովքեր գուցե չեն ունեցել բավարար եկամուտ, կամ խաղացողներ, որոնց պայմանագրերը լրանում են:
Բայց այն, որ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը դա չարեց… Ամբողջ թիմը համաձայնեց, և դու պետք է գործես՝ ինչպես բոլոր մյուս խաղացողները: Կարելի է ասել, որ նա հրապարակային գոլ խփեց:
Ես չեմ պատրաստվում հարձակվել նրա վրա՝ նրա վաստակած փողի պատճառով, բայց թիմի բարձր վարձատրվող խաղացողը պետք է օրինակ լինի»,- ասել է Կարագերը:
Երեկ հայտնի դարձավ, որ Օզիլն «Արսենալի» այն երեք խաղացողներից մեկն է, որը հրաժարվել է 12,5%-ով իջեցնել աշխատավարձերը: Կիսապաշտպանը շաբաթական ստանում է 350 հազար ֆունտ:
Սիրարփի Աղաբաբյան