«Նշվո՞ւմ է, որ 20 հոգուց ավել մարդ չլինի` 18 հոգով չենք թողնի շահագործեն գործարանը». «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցները աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից Հենրիկ Խեչումյանը Ֆեյսբուքում տեղադրել էր գործընկերոջ՝ Հակոբ Այվազյանի՝ աշխատանքից ազատման ծանուցագիրը և դիմել վարչապետին՝ գրելով. «Հենց հիմա, օգտվելով արտակարգ դրությունից, «Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։

Նշեմ, որ հեռացվողները միշտ եղել են բողոքի ակցիաների առաջնագծում և տարբեր սոցիալական մեդիադաշտերում ներկայացրել իրենց քաղաքական հայացքները։

Խնդրում եմ միջամտել այս անօրինականությանը»:

168.am-ը կապ հաստատեց Հակոբ Այվազյանի հետ, ով նշեց, որ 2019 թվականին բողոքի ակցիայի առաջին շարքերում է եղել և ծանուցագիրն էլ դիտարկում է այդ համատեքստում:

Հիշեցնենք՝ անցյալ տարի այս օրերին «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ էին անում, քանի որ նրանց հայտնել էին, թե երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել էին գործարանի տնօրինությունից:

«Երևի իրենց խոսող մարդիկ պետք չեն: Ուզում են արտակարգ դրությունն օգտագործել, որովհետև եթե չլիներ արտակարգ դրություն, իրենք չէին կարող մեզ գործից հանել, քանի որ հսկայական բանակ է: Հիշեցնեմ, որ մենք թոշակառու չենք, աշխատող ուժ ենք. ամենտարիքովը՝ 35 տարեկան է մաքսիմում, բայց թոշակառուների հետ միասին մեզ էլ է ծանուցում եկել»,- ասաց Հ. Այվազյանը:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ անգամ արտակարգ դրությունն իրենց չի խանգարի՝ խնդիրները բարձրաձայնել. «Երկու օր է՝ գործարանը պարետի որոշմամբ շահագործման է ենթարկվել ու հիմա մեզ ուզում են գործից հանել:

Երբեք երեխաներիս փաստը չեմ շահարկել, բայց ունեմ երեք անչափահաս երեխա ու ես եմ իմ տան կերակրողը. ի՞նչ է նշանակում՝ ուզում են գործից հանել: Արտակարգ դրության պայմաններում նշվո՞ւմ է, որ 20 հոգուց ավել մարդ չլինի՝ 18 հոգով չենք թողնի շահագործեն գործարանը:

Խնդրում ենք վարչապետին՝ պատժում է, ինչ-որ միջոցներ է ձեռք առնում, ինչ իր լիազորությունների սահմանում է… Մեզ չի կարելի գործից հանել, մենք բոլորս էլ անչափահաս երեխաներ ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս