
Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի ծրագիրը կառավարությունում արդեն քննարկվել է. Հակոբ Կարապետյան

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման նախագծի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ առաջարկի քննարկման մասին:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են էքսիզային նախագիծ՝ հինգ բազմահարկ շենքի կառուցման մասին, որով ամբողջությամբ նախատեսվում է լուծել այդ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:
«Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկսվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքային իշխանությանը հետաքրքրում է հատկապես ծրագրի սոցիալական բաղադրիչը:
«Սա սովորական տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր բնակարանային կառուցապատման ծրագրերի մեջ առանձնանում է դրանով: Դրա հետաքրքրությունը քաղաքային իշխանության համար կայանում է նրանում, որ ծրագիրը լուծում է սոցիալական բնակարանաշինության հարցն Աջափնյակ թաղամասում: Հատկապես գիտենք, որ այնտեղ կան այս պահին վթարայնության աստիճան ունեցող շենքեր և նաև շենքեր, որոնք մեծ հավանականությամբ առաջիկա տարիներին նույնպես կհայտնվեն այդ ցուցակում, և այստեղ մենք աճող խնդիր ունենք, և այս ծրագիրը, որը շատ նախնական տարբերակ է, այսինքն՝ ես պետք է շեշտեմ, որ մենք այստեղ դեռ չունենք նախագծային առաջադրանք, ոչ էլ, առավել ևս, շինթույլտվություն, ուղղակի ունենք ներկայացված գաղափար, ծրագիր:
Եվ կարող ենք համարել, որ քաղաքային իշխանությունն այս ծրագրի մասին բարձրաձայնելով՝ հայտարարում է վթարային շենքերի փոխարինման հարցում իր շահագրգռվածության և այդ շահագրգռվածությունից բխող կոնկրետ քայլերի մասին»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ, ինչպես նշված է հաղորդագրությունում, քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ կաջակցի ցանկացած ծրագրի, որը կօգնի լուծել այդ խնդիրը:
Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայտնի են, թե ո՞ր 6 շենքերի մասին է խոսվում հայտարարության մեջ, և ովքե՞ր են լինելու շահառուները, կամ ի՞նչ կարգով են ընտրվելու նրանք:
«Գրանցված են այն շենքերը, որոնք ամենաշատը վնասված են և կարիք ունեն փոխարինման: Այդ շենքերը համապատասխան մասնագետներին և, կարծում եմ, նաև այդ շենքերի բնակիչներին հայտնի են, բայց ծրագիրն այն էտապում չէ, որ կոնկրետ իմանանք, թե ովքեր են շահառուները»,- հարցին ի պատասխան՝ ասաց Հ. Կարապետյանը:
Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում այս ծրագրին անդրադառնալով՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասել էր, թե «խնդիրը նրանում է, որ մենք միշտ ասել ենք, որ նման բաները պետք է մրցույթներով լինեն, ոչ թե մեկը հանձնարարի, մեկ ուրիշն էլ անի և ներկայացնի, այլ լինի մրցույթով: Ամբողջ խնդիրը դրա մեջ է:
Հիմա, եթե դա միայն ծրագիր է, որից հետո արդեն ծրագրի պայմանները հայտնի կլինեն, և կդնեն մրցույթի, որպեսզի շատ մարդ մասնակցի, և, ինչո՞ւ չէ, ներկայացված նախագծերն ավելի բազմատեսակ կլինեն, դա ուրիշ խնդիր է: Իսկ եթե արդեն որոշել են, թե ով է կառուցապատողը, ուրեմն մենք նորից շարունակում ենք նույն ճանապարհով»:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակի հետ զրույցում 168.am-ը նաև փորձեց ճշտել՝ արդյո՞ք նախատեսվում է որևէ մրցույթի իրականացում՝ նախագծային առաջադրանքների մասով, թե արդեն հայտնի է, որ հաղորդագրության մեջ նշված ընկերությունը, այն է՝ «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի»-ն է իրականացնելու ողջ ծրագիրը:
«Դե հիմա ունենք ընկերություն, որը կոնկրետ առաջարկել է այդ տարածքում անել այդ ծրագիրը: Եթե կլինեն էլի ուրիշ գաղափարներ կամ ուրիշ ընկերություններ, որոնք ինչ-որ ուրիշ մոտեցումներ կառաջարկեն՝ թե՛ ճարտարապետական, թե՛ քաղաքաշինական առումներով, իհարկե, կքննարկվեն նաև այդ տարբերակները: Մրցույթի հարց այս պահին չի քննարկվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք նաև, որ Հ. Կարապետյանի փոխանցմամբ՝ ծրագիրն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: