Բաժիններ՝

«Եթե արդեն որոշել են, թե ով է կառուցապատողը, ուրեմն մենք նորից շարունակում ենք նույն ճանապարհով». Ճարտարապետների միության նախագահ

Երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման նախագծի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ  առաջարկի քննարկման մասին:

«Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսվի միայն շենքերի կառուցումից հետո»,- գրել էր Հ. Մարությանը և նշել, որ առաջիկայում ծրագիրը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Այդ տարածքի շենքերի վթարային լինելու հանգամանքը շատերը հիմնավորում են Աջափնյակ վարչական շրջանի այդ հատվածի  «սողացող հողային տարածք» լինելու հանգամանքով, ինչն էլ որոշակի ազդեցություն է ունենում շենքի հիմքի ոչ կայուն լինելու վրա:

Ճարտարապետների միության նախագահ, ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ  քաղաքի այս հատվածում գործ ունենք հողի հատուկ տեսակի հետ:

«Դրանք ոչ թե սողացող հողեր են, այլ հողերի մի տեսակ կա, որը ջրից արագ քայքայվում է, և եթե հիմքը դրանց վրա դրվի, նոր խնդիր կլինի: Կարծում եմ՝ դրա վրա չեն դնի իհարկե, կանցնեն այդ շերտը, որից հետո բազալտի հիմքի վրա կդնեն, և որևիցե խնդիր չի լինի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետների միության նախագահը մեկ այլ, իր խոսքով՝ ավելի կարևոր հանգամանքի վրա  ուշադրություն հրավիրեց :

«Խնդիրը նրանում է, որ մենք միշտ ասել ենք, որ նման բաները պետք է մրցույթներով լինեն, ոչ թե մեկը հանձնարարի, մեկ ուրիշն էլ  անի և ներկայացնի, այլ լինի մրցույթով: Ամբողջ խնդիրը դրա մեջ է:

Հիմա, եթե դա միայն ծրագիր է, որից հետո արդեն ծրագրի պայմանները հայտնի կլինեն և կդնեն մրցույթի, որպեսզի շատ մարդ մասնակցի և, ինչո՞ւ չէ, ներկայացված նախագծերն ավելի բազմատեսակ կլինեն, դա ուրիշ խնդիր է: Իսկ եթե արդեն որոշել են, թե ով է կառուցապատողը, ուրեմն մենք նորից շարունակում ենք նույն ճանապարհով»,- ասաց Մ. Մինասյանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված հայտարարության համաձայն՝ Հայկ Մարությանը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ, որն էլ սոցիալական բաղադրիչով ծրագրի կառուցապատողն է:

«Ովքեր որ ներդրում են անում, ցանկանում են դրանից մաքսիմում օգուտ ունենալ, վերցնել: Բայց չէ՞ որ ներդրողներն ու քաղաքային իշխանությունը պետք է իմանան, որ այդ շենքերն արվում են նաև քաղաքի համար:

Եթե մի փոքր ազատ տեղ էր լինում քաղաքում, հայտնվում էր մի ներդրող, որն ասում էր, որ կանի դա, ու ստացվում էր, որ նա օգտագործում էր ամբողջ տարածքը՝ առանց հաշվի առնելու, որ բնակչին, բնակարանի նման, նաև անհրաժեշտ է կանաչ տարածք»,-ասաց Մկրտիչ Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագիծն իրականացնելիս կապահովվեն այդ նորմաների իրականացումը, չէ՞ որ «ճարտարապետներն առանց նորմաների չպետք է աշխատեն»:

Հ.Գ. Կառուցապատման ծրագրի, դրա հնարավոր շահառուների մասին առաջիկա աշխատանքային օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս