Բաժիններ՝

Ucom-ի գլխավոր տնօրենն Արա Խաչատրյանն է. կա տնօրենների խորհրդի որոշում. Փաստաբան

«Արտառոց ոչինչ չկա, կենդանի գործընթաց է». Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը փաստաբան Գնել Մուղնեցյանը կարճ է նկարագրում: Արձագանքելով այն հարցադրումներին, թե, ի վերջո, այս պահին ո՞վ է ընկերության գլխավոր տնօրենը, քանի որ Հայկ Եսայանը շարունակում է պնդել, որ չի ստացել տնօրենների խորհրդի որոշումը, և, որ ինքն է շարունակում մնալ տնօրեն, փաստաբանն ասաց.

«Արա Խաչատրյանն այս պահին գլխավոր տնօրենն է: Տեղյակ չեմ՝ աշխատանքի գնացե՞լ է, թե՞ ոչ, բայց գնալ-չգնալը չի խանգարում կատարել լիազորությունները: Իմ կարծիքով՝ խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու պահից ընթացիկ գործունեության կառավարումն իրականացնելու է Արա Խաչատրյանը: Կան նաև իմ կարծիքին հակադրվող տեսակետներ: Իրավական առումով տնօրենների խորհրդի որոշումն այն միակ թույլատրելի, վերաբերելի փաստաթուղթն է, որով հավաստվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավար լինել-չլինելու հանգամանքը: Մենք ունենք Հայկ Եսայանի լիազորությունների դադարեցման մասին փաստաթուղթ»:

Հարցին, թե ո՞ր փաստաթուղթն է իրավակիրառ՝ Պետական ռեգիստրի գրանցո՞ւմը, թե՞ տնօրենների խորհրդի որոշումը, փաստաբանը պատասխանեց.

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման տվյալները տեղեկությունների գրառումներ են, որոնք ներկայացնում է ռեգիստրին իրավասություն ունեցող համապատասխան անձը, տվյալ դեպքում՝ իրավասու սուբյեկտը տնօրենների խորհուրդն է: Մենք Արա Խաչատրյանի անունից դիմում ենք գրել ռեգիստր, գրանցման գործընթացում ենք, վերջնական վարչական ակտ չունենք»:

Իսկ ի՞նչ է լինելու այն աշխատակիցների  հարցը, որոնք ազատման դիմում էին ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝ այս հարցով այժմ թիմային քննարկում է տեղի ունենում:

«Այդ աշխատողների մասով համապատասխան որոշում կկայացվի: ՀՀ-ում եթե մարդը ցանկություն չունի աշխատելու, հարկադիր աշխատանքն անթույլատրելի է, նրանք իրավունք ունեն դիմումները հետ վերցնել, կամ կարող են քննարկումներ լինել գործատուի և աշխատակցի միջև, համապատասխան համաձայնություններով այդ դիմումները մնան անհետևանք, կամ աշխատանքից հեռացվեն՝ սեփական դիմումի համաձայն: Այս գործընթացն իր տրամաբանական ավարտին դեռ չի հասել»,- ասաց Գնել Մուղնեցյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ եթե Եսայան եղբայրներն աշխատակիցներին հորդորել կամ երաշխավորություններ են տվել, որ ազատման դիմում ներկայացնեն, ապա ապացուցման դեպքում դա կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության: Կտուժե՞ն արդյոք օգտատերերը Ucom-ում ստեղծված իրավիճակից: Լրատվականներից մեկի հարցապնդմանը, թե ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Հայկ Եսայանը խոստացել է տեխնիկական խափանումներ կազմակերպել, եթե ինքը չշարունակի պաշտոնավարել, փաստաբանն արձագանքեց.

«Ես նման տեղեկություն չունեմ, տրամաբանական էլ չեմ համարում, քանի որ նախ՝ դա իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է, երկրորդ՝ պարոն Եսայանը հանդիսանում է բաժնետեր: Նման բան կատարվելու դեպքում, եթե դա հաստատվի, կհագնեցնի իրավական սանկցիաների: Անկախ նրանից, թե դա ո՞վ կլինի, պատասխանատվության կանոններ կան: Ընկերության անունից հանդես եկող որևէ սուբյեկտ ի պաշտոնե իրականացնելու է իր պարտականությունները, և սպառողներին որևէ վտանգ չի սպառնում, սպառողներն իրավունք ունեն անխափան ստանալու այն ծառայությունները, որոնք տրամադրում է Ucom-ը, դրա շարունակականությունն ապահովվելու է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս