««Չէին սպասում» հաղորդաշարը ժամանակին և՛ իր բնակարան էր այցելել, և՛ մեզնից շատերի: Համեմատեք ու կստանաք շատ հարցերի պատասխաններ». Աննա Իսրայելյանը՝ վարչապետի հայտարարության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել. «Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում:
Հիմա, եթե ստանում են, ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում՝ կարող ա ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի և խայտառակ ըլնեն: Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»:
168.am-ի հետ զրույցում aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ կարճ մեկնաբանեց. «Դե, բա՝ հանրահայտ ճշմարտություն է, որ վարչապետին սրբի տեսքով նկարողները, նրա պատկերը շապիկներին ու գլխարկներին կրողները, նրա արևով երդվողները և այլն, նրանք բոլորը դա անում են՝ իբրև նվիրյալներ ու անվարձահատույց: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են ասել, թե աչքների վերևն ունք կա, իրենց անորակ կադրերը միայն եթերում չեն, և այլն՝ ուղղակի կատաղածներ են, քանի որ էլ փող չեն ստանում, նախկին ռեժիմի մնացուկներ են ու ընդհանրապես՝ մնացել են հին Հայաստանում»:
Աննա Իսրայելյանը հասցեական, անվանական հայտարարություններ հնչեցնելու, թերևս, անպտուղ հորդորի փոխարեն՝ հետևյալն է առաջարկում. ««Չէին սպասում» հաղորդաշարը ժամանակին և՛ իր բնակարան էր այցելել, և՛ մեզնից շատերի: Համեմատեք և կստանաք շատ հարցերի պատասխաններ»: