«Անմակարդակ արշավը, որը սկսվել է Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ համարում եմ կազմաքանդող. սա ուղղակի կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյան

«Կարծում եմ՝ մենք առնվազն նվազագույն հարգանք պետք է ունենանք պետական և հոգևոր ինստիտուտների հանդեպ: Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի դիմումը, կոչը, կարծում եմ՝ դրա հասցեատերը դատարանն է, և դատարանը կորոշի՝ ինչպես վարվել այդ դիմումի հետ: Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որը սկսվել է Առաքելական եկեղեցու նկատմամբ, համարում եմ ուղղակի կազմաքանդող, սա ուղղակի կասեցնել է պետք: Զարմանում եմ, որ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք չեն տեսնում ատելության այս գեներեցված դոզան, ովքեր չեն տեսնում, որ սա ուղղակի այն կարմիր գիծն է, որից անդին մենք իսկապես ունենալու ենք լուրջ խնդիրներ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությանը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հետ, և դրանից հետո կաթողիկոսի հասցեին հնչող վիրավորանքներին:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայտարարության մեջ ասել էր, որ պանդեմիայով պայմանավորված՝ անհրաժեշտ է փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը, ինչից հետո հնչել էին տարբեր կարծիքներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Նա վկայակոչել էր կաթողիկոսի աշխարհիկ անունը և նշել, որ ժամանակին հանրությունը նրա հրաժարականն էր պահանջում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որևէ պարագայում չի կարելի մարդուն վիրավորել, ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել կոռեկտության սահմաններում. «Հայհոյում է նա, ով, հայհոյելուց բացի, որևէ արգումենտ չունի»,- հավելեց նա:

Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ վիրավորանքի և ատելության մթնոլորտը հնարավոր չի լինելու կարգավորել որևէ օրենսդրական նախաձեռնությամբ, պարզապես յուրաքանչյուրի համար պետք է լինեն կարմիր գծեր:

Կիսելով Ն. Զոհրաբյանի տեսակետը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ այս ճանապարհով գնում են նրան, որ քրիստոնեական, ընտանիքի արժեքները, որին հասել ենք դարերի ընթացքում, հիմա բերում ու մի վայրկյանում գլխիվայր շրջում են, ինչն անթույլատրելի է:

«Մենք պետք է հասնենք նրան, որ պետությունը կատարի իր պետականաշինական քաղաքականությունը, եկեղեցին էլ՝ իր: Պետք է անձնական վիրավորանքներ չլինեն, ցանկացած քաղաքացի չպետք է վիրավորանք կրի»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս