
Շախմատիստները խորհուրդ են տալիս այս օրերի ազատ ժամանակը տրամադրել գրքերին

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները խորհուրդ են տալիս կարանտինի այս օրերին առավել շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը պատմեց, որ այս օրերին սկսել է նոր օտար լեզու սովորել՝ ամրապնդելով մինչ այս ստացած գիտելիքները, և առավել շատ է գիրք կարդում: «Ես միայն շաբաթը մեկ անգամ եմ տնից դուրս գալիս, այն էլ խանութ գնալու»,-ասաց Տեր-Սահակյանը:
Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ դժվարություններ կան, քանի որ չի լինում միջազգային մրցաշարերի մասնակցել, փոխարենը նա մասնակցում է առցանց մրցաշարերի: «Բացի շախմատից հիմա ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ինքնակրթությանը, ավելի շատ եմ կարդում: Երբեմն նաև դուրս եմ գալիս վազելու»,-շեշտեց նա:
Աշխարհի թիմային առաջնության հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանի կարծիքով, այս կարանտինի շրջանը շախմատային գիտելիքների զարգացման համար խոչընդոտ չէ: «Ես հիմականում օրս անցկացնում եմ ֆիլմեր նայելով և երբեմն շատ եմ ձանձրանում տանը»,-շեշտեց նա:
Վարվառա Հայրապետյան