Իշխանությունների «խաչակրաց արշավանքը»

Վերջին շրջանում շատ է խոսվում պետության ու ազգային արժեհամակարգերի մասին, նշվում, թե ինչն է առաջնային ու գերկարևոր ազգի ինքնության ու սեփական ինքնագիտակցության պահպանման հարցում։ Տարիներ շարունակ կրոնի ու եկեղեցու դերը ոչ միայն նվազեցվեց, այլ ամբողջովին մղվեց հետին պլան, և հանրությունը մի տեսակ կտրվեց իր արմատներից ու հավատամքից։ Հայոց եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ հիերարխիկ կայուն կառույց է, և այնտեղ գոյություն ունեցող արժեհամակարգերն ունեն աստվածաշնչյան ճշմարտություններ։

Օրերս հայտարարությամբ էր հանդես եկել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նշելով, թե կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ երկրում ստեղծված համաճարակային պայմանները վկայում են, որ նախագահ Քոչարյանը ռիսկային տարիքային խմբում է, և ՔԿՀ-ում, հնարավոր է, արհեստական առողջական խնդիրներ առաջանան։  «Անսալով Ռոբերտ Քոչարյանի առողջության մասին բժիշկների կարծիքին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրականացմանը զուգահեռ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թվում և՝ խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագա վատթարացումը»,- ասված է խոսքում:

Այս հայտարարությունից հետո ողջ իշխանական սեգմենտը լծվեց կաթողիկոսի նկատմամբ «խաչակրաց արշավանքին»։

Ոչ մի քաղաքական իրադարձությունում ու շրջափուլում երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ  ՀՀ իշխանությունների թիրախում կհայտնվեր Հայոց եկեղեցին, որը դարեր շարունակ հանդիսացել է հանրության բարոյական ու գաղափարական թիվ մեկ պաշտպանը։ Սակայն փաստացի այսօր կանգնած ենք այն իրականության առաջ, որ իշխանություններն իրենց հակահայկական քաղաքականության շրջանակներում ձեռնամուխ են եղել քարկոծել ու անվանարկել եկեղեցին, Հայոց կաթողիկոսին, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականությանը։

Հոգևորականները կարևոր դերակատարություն ունեն հասարակության կրթական դաստիարակության և բարոյահոգեբանական զարգացումն ապահովելու գործում: Եկեղեցու և հոգևոր դասի անմիջական մասնակցությունը մեծ է նաև բանակում, հատկապես՝  մարտական ոգին բարձր պահելու համար:

Հայաստանյան հեղափոխականների թիրախներից մեկը եկեղեցին է, քանզի ցանկացած հեղափոխական գործընթաց ուղղված է ավանդական ինստիտուտների և արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, պետական կառավարման ռեժիմի, արտաքին հարաբերությունների վեկտորի դեմ։

Ամենաողբերգականն այն է, որ բացահայտ գրոհն ընթանում է պետական մակարդակով՝ պետական ինստիտուտների ու բարձրաստիճան այրերի հայտարարությունների մակարդակով (եթե, իհարկե, նման հռետորաբանություն ունեցողներին կարելի է բարձրաստիճան այր համարել)։ Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ բացահայտ գրոհ են սկսել հայկականության հիմնական բաղադրիչների դեմ՝ եկեղեցու, բանակի, հերոսների, ինչպես նաև՝ ազգային արժեքների նկատմամբ։

Անկախ այն հանգամանքից, թե հասարակությունն ինչ կարծիք ունի հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, եկեղեցու դերը պետք է ամբողջական գաղափարի մեջ դիտել` որպես մեկ ընդհանուր ինստիտուտ, այլապես եկեղեցու իրական մատուցած ծառայությունն ու բուն առաքելությունն իր իրական էֆեկտիվությունը կկորցնի:

Եթե շարժվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա իր «հեղափոխությունը» պետք է հասնի նաև հոգևոր աշխարհ և այնտեղ նույնպես ստեղծի «թավշյա եկեղեցի», որը կլինի ավելի հանդուրժող աղանդների ու Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ, այլ ոչ թե հանդես գա հայտարարություններով՝ դառնալով գործող իշխանությունների աչքի փուշը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս