Ինչպես լուծել կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը
Այսպիսով, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով։ Սա նշանակում է, որ այս ուսումնական տարում երեխաներն այլևս դպրոց չեն գնա։ Նույնիսկ, եթե մայիսի կեսին Հայաստանում ունենանք իդեալական իրավիճակ՝ կորոնավիրուսի հետ կապված, և բացենք դպրոցները, ծնողների մեծ մասը երեխաներին դպրոց չի ուղարկելու։ Սա նշանակում է, որ մենք արդեն պետք է մտածենք ուսումնական տարին առցանց համակարգով ավարտելու մասին։ Այդ կապակցությամբ մի քանի առաջարկներ եմ ուզում անել ԿԳՄՍ նախարարությանը։
1. Ապրիլի 20-24-ը հայտարարել առցանց կրթության գարնանային արձակուրդ։ Այդ ընթացքում անցկացնել ինտենսիվ մասնագիտական քննարկումներ ուսումնական տարին ավարտելու, աշակերտների տարեկան առաջադիմությունը գնահատելու, քննությունների վերաբերյալ և ապրիլի 27-ին հրապարակել պաշտոնական շրջաբերական։
Զուգահեռաբար՝ արձակուրդի շաբաթվա ընթացքում իրականացնել ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ առցանց հարթակների և թվային գործիքների օգտագործման վերաբերյալ։ Ընդ որում, այս շաբաթվա ընթացքում կարելի է օգտագործել նաև Հ1 հեռուստաընկերության հարթակը՝ շատ ավելի մեծ լսարանի հասանելի դառնալու համար։ Արձակուրդն անհրաժեշտ է այն առումով, որ ուսուցիչների համար շատ դժվար է համատեղել դասավանդումը և վերապատրաստումը։
2. Այս պահին ունենք հազարավոր աշակերտներ, որոնք դուրս են մնացել ուսումնական գործընթացից, կամ ոչ լիարժեք են մասնակցում առցանց դասերին։ Այս խմբի հետ կապված՝ առաջարկում եմ հուլիս ամսին կազմակերպել մեկամսյա ամառային դպրոցներ գոնե 1-6-րդ դասարանի աշակերտների համար՝ Մաթեմատիկա, Լեզուներ առարկաներից։
Հատկապես կրտսեր դասարանների աշակերտների ընդգրկումը շատ կարևոր է, քանի որ նրանք սովորում են մայրենի լեզվի և օտար լեզուների տառեր, ձևավորում են ընթերցանության, հաշվելու բազային հմտություններ։ Այդ առումով անթույլատրելի է, որ 1-6-րդ դասարանի երեխաները հետ մնան դպրոցական ծրագրից։ Ամառային դպրոցներում ներգրավված ուսուցիչներին կարելի է վճարել դպրոցների կոմունալ ծախսերից գոյացած խնայողությունների, պետբյուջեից լրացուցիչ հատկացումների հաշվին։ Վստահ եմ, որ այս հարցում նախարարությանը կաջակցեն նաև միջազգային կազմակերպությունները։ Դպրոցական սնունդ ծրագրի հաշվին էլ հնարավոր կլինի ապահովել աշակերտների սննդի խնդիրը։
3. Այս փուլում կարևոր է նաև 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների քննությունների հարցը։ Այս պարագայում կարող ենք ունենալ 2 սցենար։ Եթե հունիսին չունենանք կորոնավիրուսով վարակման զրոյին մոտ ցուցանիշ, ապա 4-րդ և 9-րդ դասարանների քննությունները կարելի է չանցկացնել։ Իհարկե, այդ դեպքում կարիք կլինի փոփոխություններ կատարել համապատասխան փաստաթղթերում։ Եթե ամեն ինչ լավ լինի, ապա այդ քննությունների հարցաշարերից պետք է հանել 4-րդ և 9-րդ դասարանների 2-րդ կիսամյակների բովանդակությունը։
Ավելի բարդ է միասնական քննությունների հարցը, քանի որ այստեղ կա մրցակցային տարր, և դիմորդները պայքարում են այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու, անվճար ուսուցման համար։ Խնդիր է նաև ամառային զորակոչը, ինչը հնարավորություն չի տալիս հետաձգելու քննությունները։ Այստեղ լուծումը կարող է լինել այն, որ այդ քննություններն անցկացվեն հուլիսին, ոչ թե հունիսին։ Կարելի է սկզբում զորակոչել այն տղաներին, որոնք բուհեր չեն դիմում, իսկ դիմորդներին զորակոչել հուլիսի վերջին օրերին։
Ընդհանուր առմամբ, պետք է ընդունենք, որ այս իրավիճակում անիմաստ է խոսել հեռավար կրթության արդյունավետության մասին։ Նախ, Հայաստանի ընտանիքներում ունենք տեխնիկական սարքերի լուրջ խնդիր։ Մենք խոսում ենք միայն սարքեր չունեցող ընտանիքների մասին։ Բայց կան բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ, որոնք չունեն բարձրորակ համակարգիչներ, մի մասն էլ աշխատում են հեռախոսներով։ Առկա է ինտերնետ կապի որակի խնդիր։
Հեռավար ուսուցման դեպքում լավ սարքեր և կապ ունենալու խնդիրը շատ կարևոր է։ Մյուս հարցն այն է, որ հեռավար ուսուցումը երբեք չի նախատեսվել օգտագործել՝ որպես ուսուցման զանգվածային, առավել ևս՝ միակ հնարավոր ձև։ Մինչ այժմ հեռավար կրթական ծրագրեր իրականացրել են առանձին ուսուցիչներ, որոնք ներգրավված են եղել տարբեր միջազգային ծրագրերում։
Այդ ուսուցիչներն անցել են տևական վերապատրաստումներ, դրամաշնորհներ ու տեխնիկական սարքեր են ստացել։ Մենք չենք կարող կարճ ժամանակում լուծել ուսուցիչների թվային գրագիտության մակարդակի բարձրացման հարցը։ Թեև պետք է ընդունենք, որ այս մեկ ամսում ուսուցիչներն ավելի շատ բան սովորեցին, քան նախորդ տարիներին միասին վերցրած։
Վերջապես հեռավար ուսուցումը պահանջում է ինքնուրույն աշխատելու բարձր մշակույթ ունեցող սովորող։ Հեռավար ուսուցման դեպքում սովորողը պետք է աշխատանքի մեծ մասը կատարի ինքնուրույն։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի աշակերտների մեծ մասը սովոր չէ ինքնուրույն աշխատել։ Պատահական չէ, որ Հայաստանում վերջին տարիներին հսկայական աճ է արձանագրել դասապատրաստողների ինստիտուտը։ Բազմազբաղ ծնողները վարձում են դասապատրաստողներ, որպեսզի նրանք աշակերտներին օգնեն տնային աշխատանքների հարցում։
Անկախ ամեն ինչից, մեր կրթության համակարգը շատ ավելի ուժեղացած է դուրս գալու այս իրավիճակից։ Ճգնաժամերը, աղետներն ունեն ուսուցողական մեծ ներուժ։ Մնում է առավելագույնս օգտվել իրավիճակից և չվատնել ճգնաժամի ընձեռած հնարավորությունները։