«Գորբաչովի տրամաչափի նախկին պաշտոնյաների խաղաղասիրական կոչերն իրատեսական չեն». Արծրուն Հովհաննիսյան
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ամերիկյան Time պարբերականում տպագրված հոդվածում աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել` նշելով, թե կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց տվեց, որ միջոցները ռազմական նպատակներից պետք է ուղղել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտ:
Այդ նպատակով նա համաճարակային իրավիճակը կայունանալուց հետո առաջարկում է ՄԱԿ-ի արտակարգ նիստ հրավիրել` ամբողջական վերանայելու համաշխարհային օրակարգը:
Գորբաչովի դիտարկմամբ, անհրաժեշտ է ամբողջապես վերանայել, վերաիմաստավորել անվտանգության մասին պատկերացումները, որոնք հիմնականում պատերազմական, ռազմական տեսանկյունից են դիտարկվում
168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նախ նշեց, որ ոչ միայն ՌԴ-ի, այլև համաշխարհային պատմական համայնապատկերի առումով Գորբաչովը չհաջողված և ամեն ինչ կործանած գործիչ է, և հիմա նա իր հեղինակությունը փորձի է դնում նման մարդասիրական, խաղաղասիրական գաղափարների միջոցով` լավ հետք թողնելու համար:
«Իրականում այլ կանոններ են գործում. առաջին` որևէ պետություն իր ռազմական ծախսերը հաճույքի համար չի ավելացնում, հատկապես, երբ շատ դեպքերում անիմաստ են, քանի որ այն տանկը, թնդանոթը, որը դու գնում ես, հաճախ չի էլ կիրառվում և «բարոյապես» և տեխնիկապես հնանալով մնում է՝ որպես մետաղի ջարդոն: Երկրորդ` պետություններն իրենց ռազմական ծախսերը մեծացնում են կոնկրետ նպատակներով. մեր նման պետությունն իր ռազմական ծախսն ավելացնում է, որովհետև կոնկրետ անվտանգ ապրելու խնդիր է լուծում, և, եթե այդ ծախսը չարվի, մեզ «կսրբեն» երկրագնդի երեսից:
Նույնը նաև Իսրայելի վիճակն է և աշխարհի շատ պետությունների: Երրորդ` կան նաև պետություններ, որոնք այդ ռազմական ծախսերը որպես բիզնես են ներդնում, օրինակ, ԱՄՆ-ը: Նա կոնկրետ ռազմական ծախս է անում, պայմանական վերցնենք, 5 տրիլիոն դոլար ծախսում է ռազմական բյուջեի վրա, որից հետո դրա արդյունքում ձեռք բերված առարկաները կիրառում է հաջող պատերազմում` գրավում է Իրաքը, ինչից նյութական կոնկրետ արդյունք է ստանում` Իրաքի նավթ, Քադաֆիի միլիարդներ, կամ ինչ-ինչ քաղաքական և տնտեսական առավելություններ, որոնք հետո կոնկրետ փողեր են դառնում:
Ընդհանրացնելով այս ամենը, կրկնեմ` ռազմական ծախսերն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են կամ պետության ֆիզիկական անվտանգության ապահովմանը, կամ հանդիսանում են կոնկրետ բիզնես գործունեություն. դնում ենք գործի մեջ x քանակի միջոցներ, ստանում y արդյունք, x-ի և y-ի դրական տարբերությունն էլ` ի դեմս z-ի, դառնում է մեր բիզնես գործունեության օգուտը: Սա շատ կարևոր ուղղվածություն է ռազմական ծախսերի առումով: Այնպես որ՝ Գորբաչովի ասածը, կներեք, բայց մանկամտություն եմ համարում»,- մանրամասնեց վերլուծաբանը:
Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ մեզ շրջապատող երկրները չեն գնալու այս քայլին, ինչից բխում է իր պնդումը` եթե ՀՀ-ն գնա, կլինի կոպտագույն սխալ։
«Այլ բան է` աղվեսի խորամանկությամբ հայտնի մեր թշնամիներն ինչպես են համոզելու բոլորին, թե իրենք կրճատել են, բայց Հայաստանը չի կրճատում։ Այստեղից հետևություն՝ մենք միջազգային հանրության մոտ պիտի հիմնավորենք մեր որոշումը»,- շեշտեց նա:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ-ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանն էլ ընդգծեց. «Նման տրամաչափի նախկին պաշտոնյաների խաղաղասիրական կոչերը հետաքրքիր են և ողջունելի, բայց իրատեսական չեն այսօրվա կյանքում, որովհետև ոչ մի հասունացող կոնֆլիկտի, ոչ մի սպառազինման գործընթացի դրանք երբեք չեն օգնել՝ կանխելու առումով»:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ այն կարծիքին է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում տարբեր երկրների ռազմական բյուջեներում որոշ կրճատումներն անխուսափելի են։
«Բնականաբար, Գորբաչովի կոչի հետևանք չեն լինելու, այլ ամեն երկիր իր հաշվարկներն է անելու»,- լրացրեց նա: