Բաժիններ՝

«Գործ ունենք հանրային ռեսուրսի հետ, եթե ռիսկ ենք ստանձնում մեխանիկորեն գնահատելով վարկունակությունը՝ առանց որևէ հավելյալ գործառույթի, ապա կանոնները պետք է լինեն հստակ և առանց կոմպրոմիսի». Մհեր Գրիգորյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների վերաբերյալ, որոնց Կառավարությունն աջակցություն է տրամադրում:

«Բազմաթիվ արձագանքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ այստեղից դուրս են մնացել նորաստեղծ ընկերությունները: Նախ պետք է ասեմ, որ այս աջակցությունը տրամադրվում է այն ընկերություններին, որոնք 2019  թվականին հանդիսացել են կարգապահ և բարեխիղճ հարկատուներ, շատերը դուրս են մնացել՝ որպես նորաստեղծ ընկերություններ, որոնք, բնականաբար, հնարավորություն չեն ունեցել նախորդ տարի ամբողջությամբ գործել: Ծրագրից դուրս են մնացել նաև որոշակի կարգապահություն չդրսևորած ընկերություններ, որոնք եղել են կայուն բիզնեսներ: Արդյո՞ք նրանք հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից»,- հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ խոսքը վերաբերում է օժանդակության երկու ձևերին. Մեկը՝ վարկավորում կամ համաֆինանսավորումն է, մյուսը՝ դրամաշնորհային օժանդակությունը:

«Այն, ինչը վերաբերում է վարկավորմանը, այսինքն՝ փոխառու միջոցների տրամադրմանը, ապա պահանջարկն ավելի մեծ է, բայց  մինչև այսօր  դեռևս չկա մոտեցում, որ հնարավոր կլինի էականորեն խախտել կարգապահության կանոնը, որովհետև մենք գործ ունենք հանրային ռեսուրսի հետ, և, եթե ռիսկ ենք ստանձնում մեխանիկորեն գնահատելով վարկունակությունը՝ առանց որևէ հավելյալ գործառույթի, ապա կանոնները պետք է լինեն հստակ և առանց կոմպրոմիսի»,- նշեց փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է դամաշնորհներին, ապա, ըստ փոխվարչապետի, այդ հարցն ամեն օր քննարկվում է, ուստի հնարավոր է կանոնների թարմացում և նոր կանոնների  հրապարակում, ինչը պարբերաբար արվում է:

«Կարծում եմ՝ հետևելով՝ դուք էլ կզգաք, որ շահառուների թիվն ամեն օր ընդլայնվում է. խոսքը  դրամաշնորհի մասին է»,- հավելեց նա:

Արկադի Խաչատրյանը, սակայն, նկատեց, որ գուցե համաձայներ փոխվարչապետի հետ, եթե խոսքը վերաբերեր սովորական իրավիճակի:

«Պարոն փոխվարչապետ, քանի որ սա արտակարգ դրություն է, չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ, որ նույն հանրային ռեսուրսի սղության պայմաններում հայտարարենք, որ կարգապահ ընկերություններն առաջնահերթ կարգով են օգտվում ծրագրից, բայց բոլորը պետք է օգտվեն, որպեսզի արդարության զգացումը չխաթարվի, քանի որ բոլորը մեր տուժած սուբյեկտներն են»,- շեշտեց պատգամավորը:

Մհեր Գրիգորյանի խոսքով, եթե պատգամավորի դիտարկումը վերաբերում է դրամաշնորհներին, ապա հարցը քննարկելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս