
Կառավարությունը բիզնեսին ոչ թե դրդում է վարկերի, այլ հնարավորություն է տալիս օգտվել ֆինանսական ռեսուրսներից. ԿԲ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի ֆինանսական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրերի զգալի մասը ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղղորդում է դեպի ֆինանսական կառույցներ: Շատերն են պնդում, թե կառավարությունը բիզնեսին դրդում է դիմել նոր վարկերի, ինչն էլ հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բիզնեսին:
Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը համաձայն չէ այդ պնդումների հետ:
«Ոչ ոք ոչ ոքի չի դրդում վարկերի: Ընդհակառակը, մեր կառավարությունը, ինչպես նաև բազմաթիվ երկրների կառավարություններ, հնարավորություն են ստեղծել պարզապես բիզնեսներին, որպեսզի կարողանան օգտվել ֆինանսական ռեսուրսներից:
Ինչպես գիտեք, նման ճգնաժամերի ժամանակ սովորաբար իրական հատվածի կազմակերպություններն ունենում են իրացվելիության խնդիր: Եվ կառավարությունն այստեղ ստեղծել է օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կազմակերպություններին լրացնելու իրենց իրացվելիության բացը, այսինքն՝ իրացվելի միջոցների բացը լրացնելու և օժանդակելու ֆինանսական ռեսուրսներին հասանելիություն ունենալու համար»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:
Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը վստահ է, որ կառավարությունը՝ իր առաջարկած «բավականին հաջող ծրագրերով», միայն օգնում է բիզնեսին՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ապահովելով, ու դա, ըստ նրա, վկայում է օժանդակության ծրագրերից օգտվելու մեծ ակտիվությունը:
«Ընդհանուր բանկերի կողմից արդեն կա, այսպես ասեմ, բավարարված շուրջ 220 հայտ, որի ընդհանուր ծավալը երևի թե կկազմի շուրջ 10 մլրդ դրամ, ինչը, կարծում եմ, բավական լավ ցուցանիշ է այս դեպքում»,- նշեց Անդրանիկ Գրիգորյանը: