ԿԲ-ն միջամտել է արտարժութային շուկային՝ զուտ խիստ տատանողականությունը հարթելու համար. ԿԲ ներկայացուցիչ
Մենք միշտ ասել ենք և շարունակում ենք պնդել, որ մեզ մոտ արտարժույթի շուկան կամ փոխարժեքը, ըստ էության, «ազատ լողացող» է: Կենտրոնական բանկը միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթեցնելու համար պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը շուկայի: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով արտարժութային շուկայի տատանումներին: ԿԲ պաշտոնյան նաև շեշտեց.
«Արդեն որերորդ դեպքն է, որերորդ ճգնաժամն է՝ մենք տեսնում ենք, որ մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ, այսպես ասած, սպեկուլյատիվ տատանումներ, որտեղ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում փոխարժեքի:
Մեր հորդորը միշտ եղել է և շարունակում է մնալ՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձևավորելուն: Պետք է պարզապես հավատալ մեր դրամին, հավատալ մեր քաղաքականությանը, և, ինչպես տեսնում եք, մենք այս պահին ունենք կրկին վերադարձ այն բնականոն, նորմալ ֆինանսական շուկայի ընթացքին, որ մենք ունեցել էինք նաև դեռևս ճգնաժամից առաջ:
Այսինքն՝ խիստ կտրուկ տատանումներին պետք չէ պարզապես տրվել: Մեր հորդորը շարունակում է մնալ նույնը, և մենք ցանկանում ենք նաև շեշտել, մեր արժեքը դրամն է: Պետք է հավատանք հայկական դրամին և պետք է աշխատենք դրամով, մտածենք դրամով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։
168.am-ի հետ զրույցում վարչապետի գրառմանն անդրադառնալով՝ տնտեսագետ Գագիկ Մինասյանն ասել էր, թե վարչապետը բացարձակ սուտ է խոսում, ու հավելել, որ Կենտրոնական բանկը շուրջ 125 մլն դոլար էր վաճառել, որպեսզի կասեցնի դրամի կտրուկ արժեզրկումը, և դրա հետևանքով, ըստ տնտեսագետի՝ դրամը չափից շատ է արժևորվում:
«Դրանով ԿԲ-ն փորձում է դրամն արժևորել, և դա որևէ կապ չունի դրամի նկատմամբ մարդկանց վստահության կամ այս ճգնաժամային իրավիճակում կառավարության վարած քաղաքականության հետ։ Այն քանակի դոլարները, որ ԿԲ-ն վաճառել է, ըստ էության, այն դոլարների քանակի 1/3-ն է, որը նախորդ տարի հնարավոր եղավ կուտակել մեր պահուստային ֆոնդում, այն էլ՝ շնորհիվ ավտոմեքենաների ներկրման, որը, փաստորեն, բերեց արտարժույթի պահուստների կտրուկ ավելացմանը։
Եվ ընդամենը մեկ ակցիայի արդյունքում ԿԲ-ն այդ կուտակած դոլարների մեկ երրորդը ստիպված էր նետել շուկա, որպեսզի կասեցներ դրամի կտրուկ արժեզրկումը։ Սա է։ Եվ մի կողմից՝ ծիծաղելի է, մյուս կողմից էլ՝ վիրավորական, որ երկրի առաջին դեմքը նման հայտարարություն է անում»,- ասել էր Գագիկ Մինասյանը: