«Ես չունեմ հէկ, բայց եղել և շարունակելու եմ լինել հէկ-երի շինարարության ամենամեծ ջատագովը». Արայիկ Հարությունյան

Հիդրոէլեկտրակայանների շինարարությունը շարունակվելու է, բայց խստացվելու են բնապահպանական պայմանները, ավելին, բնապահպանական նորմերին ցանկացած շինարարության դեպքում հասարակությունը շատ ավելի տեղյակ է լինելու: Այսինքն` եթե հիդրոէլեկտրակայան է կառուցվում, բնապահպանական նորմերը պետք է բոլորը տեսնեն, որ համոզված լինեն, որ չառաջնորդվեն սիրողական մեկնաբանություններով:

Լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հիդրոէներգետիկան լինելու է մեր գլխավոր այլընտրանքային էներգիայի աղբյուրը, որն ապահովելու է ոչ միայն Արցախի էներգետիկ անկախությունը, այլ նաև ՀՀ-ի էներգետիկ անկախության հարցում բավականին լուրջ դեր է խաղալու: Սա միանշանակ է»,- շեշտեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Քարվաճառի շրջանում հէկ-ի շինարարության վերսկսմանը, Ալեքսանդր Քանանյանի` դրա դեմ պայքարին, Արայիկ Հարությունյանը հայտարարեց` հէկ-երի շինարարությանը ցանկացած ոչ իրավական միջամտության համար օրենքով պատասխան են տալու:

«Ես նշել եմ` եթե տվյալ հէկ-ի շինարարությունը չի համապատասխանում մեր բնապահպանական նորմերին, ոչ միայն չենք թույլատրելու, այլև պատժելու ենք նախագծողներին, թույլ տվողներին: Բայց եթե բնապահպանական որևէ խախտում չկա, միջազգային նորմերի համապատասխան է, ապա, եթե որևէ մեկը փորձի խանգարել, դա համարելու եմ մեր երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ, միջամտություն, ընդհուպ` անվանելու եմ դիվերսիա մեր երկրի զարգացման ուղղությամբ, և պատասխան են տալու օրենքի առաջ` ով ուզում է լինի»,- զգուշացրեց նա:

Հարցին` Դուք էլ հէկ ունեք, չէ՞, Հարությունյանն արձագանքեց. «Ես չունեմ հէկ: Մամուլը գրել է, հետո պարզաբանել է, որ ես չունեմ հէկ: Բայց ես ամենամեծ ջատագովն եմ եղել հէկ-երի շինարարության և շարունակելու եմ լինել, որովհետև մեր պարենային և էներգետիկ անկախության այլ հնարավորություն մենք չունենք: Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը, մեր թշնամին են, ես սա հայտարարում եմ»:

Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, ապա այս մասով լոկալ ծրագրեր են, և ըստ Հարությունյանի՝ ի վիճակի են արևային էներգիայի ծավալը հասցնել սպառման 10-20 տոկոսին, և ոչ ավելի, դրանով չեն կարող ռեժիմային էներգիա ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս