«Օրս սկսում եմ 1 բաժակ ջրով՝ ելնելով համաճարակից՝ կիտրոնաջրով». Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունա­­-հռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում գիտակից մոտեցում դրսևորել ստեղծված իրավիճակի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նշեց, որ փորձում է իր օրը հնարավորինս կանոնակարգել և նույնը խորհուրդ է տալիս բոլորին:

«Կարելի է օգտվել նույնիսկ այս վիճակից՝ ունենալով նախապես մշակված օրվա ծրագիր։ Օրս սկսում եմ մեկ բաժակ ջրով (ելնելով համաճարակից՝ կիտրոնաջրով), ապա մի փոքր անց նախաճաշ, որից հետո 1-1.5 ժամ ընթերցանություն: Ելնելով սահմանափակումներից՝ մարզվում եմ բացօթյա. վազք, հեծանիվ։ Երեկոյան նորից ընթերցանություն և ֆիլմերի, հետաքրքիր հաղորդումների դիտում: Քանի որ ԱԺ-ն աշխատում է, բնականաբար, իմ օրվա մի մասն էլ անցնում է այնտեղ»,- շեշտեց նա:

ԱԺ պատգամավորն առանձնացրեց, որ անհրաժեշտ է այս ընթացքում, երբ սովորականից ավելի պասիվ ենք և այդքան էներգիա չենք ծախսում, սնունդը նույնպես հստակ ֆիքսված ժամերի և քանակության օգտագործել։ «Պետք է փորձենք օրական 3 անգամից ավելի չսնվել, խուսափենք կալորիապես հարուստ սննդից՝ հատկապես ուշ ժամերին»,-ասաց մարզիկը:

Ջուլֆալակյանը կոչ է անում գիտակցել պահի լրջությունը և անել անհրաժեշտ քայլեր, որոնք առաջարկվում են կամ էլ պահանջվում են պարետատան կողմից։

«Միայն միասնական ջանքերի գնով հնարավոր կլինի հնարավորինս մեղմել այս համաճարակի ազդեցությունը։ Չափազանց կարևոր է փոխադարձ պատասխանատվության զգացումը։ Առողջ եղեք, հոգ տարեք ձեր ընտանիքների մասին և մնացեք տանը։ Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց նա:

 Վարվառա Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս