Քննարկվում է երթուղայինի վարորդների բողոքի հարցը. Պարետատուն
Այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի աշխատակիցները, կամ, այլ կերպ ասած, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 200 աշխատակից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված՝ հարկադիր պարապուրդի են մատնվել, և ինչպես նշում են՝ չունեն ապրելու հնարավորություն, խնդրում էին իրենց ներառել կառավարության առաջարկած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր մշակել հենց վարորդների համար:
Ակցիայի ընթացքում վարորդները պնդում էին, որ ընկերության տնօրենի հետ բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, կառավարություն, անգամ արտակարգ դրության պարետին, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
«Մենք դիմել ենք դեռևս այն օրերին, երբ կանգնած չէր տրանսպորտը, բայց շատ վատ վիճակում էր, բայց դեռ պատասխան, որպես այդպիսին, չունենք: Անկեղծ ասած՝ ամեն մեկը բացառում է իր կարևորությունն էս դեպքում: Ոչ թե բացառում է, այլ՝ քաղաքապետարանն ասում ա՝ դա մեր որոշելունը չի, իսկ պարետային ծառայությունն էլ ասում է՝ ձեր կուրատորը քաղաքապետարանն է, նենց որ, գնացեք իրենց հետ հարցերը կարգավորեք»,- ասալ էր «ՄՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը:
Ակցիայի ընթացքում տնօրենը քաղաքապետարանից զանգ ստացավ, և, ինչպես հետո լրագրողներին փոխանցեց տնօրենը, հեռախոսազանգով քաղաքապետարանից հետաքրքրվում էին իրավիճակի ու վարորդների պահանջի մասին: Հարցի կարգավորման առաջարկի մասին չի խոսվել:
168.am-ը փորձեց քաղաքապետարանից տեղեկանալ, թե ի՞նչ իրավասություն ունի այս դեպքում Երևանի քաղաքապետարանը, ու արդյո՞ք նախատեսում են որևէ ծրագիր իրականացնել:
«Քաղաքապետարանն այդ կազմակերպությունների հետ առնչվում է այնքանով, որ կազմակերպությունը հանրային ուղևորափոխադրումների ոլորտում ծառայություններ է մատուցում, և քաղաքապետարանի համապատասխան կառույցները վերահսկում են այդ ծառայությունների կատարման ընթացքը: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակով առաջացած խնդիրներին, այդ խնդիրները գտնվում են կառավարության տրամադրած սոցիալական աջակցության դաշտում, այսինքն, քաղաքացիները կարող են օգտվել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից»,- 168.am-ին ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ճշտող հարցին, թե քաղաքապետարանի գործառույթն ավարտվո՞ւմ է այսքանով, Կարապետյանն արձագանքեց.
«Ես արդեն պատասխանեցի: Քաղաքապետարանը ՍՊԸ-ին վերահսկում է, երբ նա աշխատում է, պարզ եթե ասենք, ՍՊԸ-ի հետ առնչվում է: Եթե արտակարգ դրության բերումով այդ կազմակերպությունները ուղևորափոխադրումներ չեն իրականացնում, հետևաբար՝ այդ հարաբերությունը դադարում է»:
Փորձեցինք նաև պարետատնից ճշտել, թե արդյո՞ք նախատեսում են որևէ ծրագիր:
«Մենք գիտենք վարորդների բողոքից: Հարցը քննարկվում է»,- ասաց պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը: