Բաժիններ՝

«ՌԴ-ից բերված շարժական լաբորատորիայում 165 նմուշառում է կատարվել. պատասխանների մեծ մասը բացասական են». Սահակ Օհանյան

Այս պահի դրությամբ թոքաբորբով հիվանդ ոչ մի զինծառայող չունենք: 168.am-ի հարցին ի պատասխան կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Հարցին` Արցախի ՊԲ-ի հետ համագործակցո՞ւմ են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, Սահակ Օհանյանը պատասխանեց, որ համագործակցությունը կանխարգելման հարցում է. բոլոր հրամանները, ուղեցույցները, որոնք արձակվում են ՀՀ ԶՈՒ համար, գործում են նաև Արցախի ՊԲ-ում:

«Ամենօրյա զեկույցներից կարող եմ տեղեկացնել, որ ՊԲ-ում իրավիճակը վերահսկելի է, հանգիստ, այնտեղ խնդիր չունենք»,-շեշտեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:

Սահակ Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիայում արդեն իսկ   165 նմուշ վերցվել. կան և’ բացասական, և’ դրական պատասխաններ։

«Շարժական լաբորատորիայում վերցված 165 նմուշների պատասխանների մեծ մասը բացասական են»,–տեղեկացրեց նա` հիշեցնելով, որ շարժական լաբորատորիան սկսել է աշխատել ապրիլի 9-ից, և որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են նաև ՀՀ ԶՈՒ մասնագետներ։

Ըստ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի` հայ մասնագետները կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել գիտելիքներ կորոնավիրուսի ախտորոշման հետ կապված, և երեկ ինքնուրույն են իրականացրել այդ աշխատանքները։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել էր Երևան։ Շարժական համալիրում աշխատող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին կորոնավիրուսի ախտորոշման և հաղթահարման գործում։

Հարցին՝ հայկական կողմն ինչո՞ւ չի դիմում  «ամերիկյան լաբորատորիաներին», Սահակ Օհանյանը նշեց, որ նմուշներ են ուղարկվել են նաև, այսպես ասած, ամերիկյան լաբորատորիա:

«Սկզբնական  ժամանակահատվածում մենք մեր նմուշներն ուղարկել ենք, լրագրողի ասած, ամերիկյան լաբորատորիա` մոտ 600: Մենք զուգահեռ ենք աշխատում` և’ այս նշված լաբորատորիայի հետ, և’ մեր ռուս գործընկերների կողմից ծավալված լաբորատորիայում: Դա կախված է ծանրաբեռնվածությունից, գիտեք, որ  մեր առողջապահության լաբորատորիան ծանրաբեռնված է, ուստի սա հաշվի առնելով տարանջատում ենք, հոսքերն այնպես ենք կառավարում, որ և’ աշխատանքն արդյունավետ լինի, և’ կարողանանք 2 լաբորատորիան հավասարաչափ ծանրաբեռնենք»,-ընդգծեց Օհանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս