Բաժիններ՝

Ի վերջո, Տաթևիկ Ռևազյանը գիտե՞ր, թե՞ չգիտեր

ՀՀ հաշվեքննիչ պալատից և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները: Քրեական գործը հարուցվել է 2020թ. տարեսկզբին:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ապրիլի 10-ին Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանն ասել էր. «Ինչ-ինչ պատճառներով «Մալբրի» համակարգում փաստաթղթաշրջանառությունը, եվրոպական գործակալության նամակները չեն երևացել»։

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնել էին նաև, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահին զեկուցել են` իբր աուդիտի մասով առանձնապես շատ խնդիրներ չեն եղել։

Ըստ էության, ասվածը գալիս է փաստելու այն, թե իբր Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղյակ չի եղել, որ համակարգում լրջագույն խնդիրներ կան, և, թերևս, մեղքը բարդվում է աշխատակիցների վրա, որոնց անփութությունը հանգեցրել է, մասնավորապես, հայկական երկու ավիաընկերությունների նկատմամբ սանկցիաների, իսկ ընդհանրապես՝ լուրջ հարված է հասցրել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոլորտի ղեկավարը տեղյակ չի եղել իրականությունից, ասել է թե` չի տիրապետել իրավիճակին իր իսկ ղեկավարած ռազմավարական նշանակության կառույցում, և արդյո՞ք այս մասին խոստովանելը նրան ազատում է այս խայտառակ ձախողման պատասխանատվությունից:

Բայց արդյո՞ք ամեն ինչ հենց այդպես էլ եղել է:

2019թ. դեկտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել իր իսկ պաշտոնական կայքում, որով տեղեկացրել է, որ թարմացրել է Եվրոպական միության օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցուցակը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշերին և, հետևաբար՝ ենթակա են արգելքի կամ ԵՄ տարածքում` սահմանափակումների։

ԵՄ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ օդային անվտանգության ցուցակի նպատակն է՝ ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակ եվրոպացիների և այն ուղևորների համար, որոնք ճանապարհորդում են ԵՄ-ում։ Նշել էին նաև, որ դրական տեղեկություն կա Գաբոնի դեպքում, քանի որ այնտեղ վավերացված բոլոր ավիաընկերությունները դուրս եկան ցուցակից` երկրում ավիացիոն անվտանգային իրավիճակի բարելավումից հետո։

Այդ հաղորդագրության մեջ Եվրահանձնաժողովի` տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վելեանը նշել է. «Այսօրվա որոշումը ցույց է տալիս անվտանգության ամենաբարձր մակարդակն առաջարկելու մեր շարունակական ջանքը՝ ոչ միայն եվրոպացի զբոսաշրջիկներին, այլև՝ զբոսաշրջիկներին ողջ աշխարհից, որովհետև ավիացիոն անվտանգությունը չի ճանաչում սահմաններ և ազգություններ։ Գոհունակությամբ եմ հայտարարում, որ Եվրոպական հանձնաժողովը կարողացավ Գաբոնի բոլոր ավիաընկերություններին այսօր դուրս բերել ԵՄ օդային անվտանգության ցուցակից։ Գաբոնն այդ ցուցակում էր 2008 թվականից, ուստի շատ լավ է, որ մենք կարող ենք արձանագրել այն բոլոր ջանքերը, որոնք Գաբոնի ավիացիոն անվտանգության իշխանությունները ներդրել են»:

«Սակայն Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կողմիտեն անվտանգության վերահսկողության նվազման նշաններ ցուցաբերելու պատճառով դրվել է խստացված հսկողության տակ»,- մասնավորապես նշված է Եվրահանձնաժողովի կայքում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ այդ հաղորդագրության` ԵՄ Օդային անվտանգության ցուցակն օգնում է ոչ միայն պահպանել ԵՄ-ում անվտանգության բարձր մակարդակ, այլև օգնում է վնասներ կրած ավիաընկերություններին և երկրներին բարելավել սեփական անվտանգության մակարդակը, որպեսզի նրանք դուրս գան այդ ցուցակից։

Ի հավելումն՝ նշվում է, որ ԵՄ ավիացիոն սև ցուցակը դարձել է առանցքային կանխարգելիչ գործիք, քանի որ մոտիվացնում է երկրներին անվտանգության խնդիրներով շատ ավելի վաղ զբաղվել, քան ԵՄ օդային անվտանգության ցուցակի արգելքի անհրաժեշտությունը կառաջանա։

Հաջորդիվ տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 9-ի թարմացման համաձայն` շուրջ 115 ավիաընկերությունների մուտքն արգելվել է ԵՄ օդային տարածք: 15 երկրներում սերտիֆիկացված 109 ավիաընկերություններ զրկվել են ԵՄ մուտքից ավիացիոն անվտանգության եվրոպական չափանիշերի բացակայության պատճառով: Խոսքն Աֆղանստանի, Անգոլանյի (բացառությամբ անգոլական 2 ավիաընկերության), Կոնգոյի Հանրապետության, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբութիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Ղրղըզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Մոլդովայի (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալի, Սան -Տոմեի և Պրինսիպինի, Սիեռա Լեոնեի, Սուդանի մասին է։

Ցուցակին ավելացել են 6 մասնավոր ավիաընկերություններ հենց այդ ավիաընկերություններին վերաբերող անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Avior Airlines» (Վենեսուելա), «Iran Aseman Airlines» (Իրան), «Iraqi Airways» (Իրաք), «Blue Wing Airlines» (Սուրինամ), «Med-View Airlines» (Նիգերիա), «Air Zimbabwe» (Զիմբաբվե):

Հավելյալ 3 ավիաընկերություններ արժանացել են սահմանափակումների, ուստի կարող են թռչել ԵՄ-ում հատուկ օդանավերով, խոսքը «Air Koryo»-ի (Հս. Կորեա), «Air Service Comores»-ի (Կոմորյան Կղզիներ) և «Iran Air»-ի (Իրան) մասին է։

Այս թարմացումը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հիմնված է ԵՄ անդամ երկրներից ավիացիոն անվտանգության փորձագետների անանուն կարծիքի վրա: Նրանք հանդիպել են 2019 նոյեմբերից 20-21-ը ԵՄ Օդային անվտանգության կոմիտեի հովանու ներքո։ Այս կոմիտեն նախագահում է Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) աջակցությամբ: Այս թարմացումը հավասարապես հավանության է արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի Տրանսպորտի հանձնաժողովի կողմից։ Գնահատումը կատարվում է անվտանգության միջազգային չափանիշերի և, մասնավորապես, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից հրապարակված չափանիշերի համաձայն։

Հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ին, հոդված է հրապարակվում այն մասին, որ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը վերահսկողության թերություններ է հայտնաբերել, երբ ընթացիկ տարվա հուլիսին ստուգումներ է կատարել փոխադրողներ «Տարոն-Ավիա» և «Ատլանտիս Եվրոպական ավիաուղիներում»` որպես երրորդ երկրների թույլտվության գործընթացի մի մաս:

«Տարոն-Ավիա»-ի սերտիֆիկատը դադարեցվել է EASA-ի բացահայտումների արդյունքում, և փոխադրողը հետագայում որոշել է դադարեցնել գործողությունները:

Հանձնաժողովն իր մտահոգություններն է արտահայտել Քաղաքացիական ավիացիայի հայկական կոմիտեին և իշխանությունների հետ տեխնիկական հանդիպում կազմակերպել նոյեմբեր ամսին, որի ընթացքում կոմիտեն տեղեկացվել է աշխատանքը վերակազմակերպելու իր ծրագրերի մասին, նշել, որ կիրականացնի անձնակազմի վերապատրաստում վերահսկողական գործունեությունն ուժեղացնելու նպատակով։

Եվրոպական օդային անվտանգության մասնագետները նոյեմբեր ամսին նաև առանձին լսում են անցկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։

«Կոմիտեն մանրամասներ է ներկայացրել այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկվել են Հայաստանում գրանցված մի շարք ավիափոխադրողների դեպքում՝ տեսուչների համար դասընթացների և հետագա աշխատանքների, այդ թվում՝ նոր տեսուչների հավաքագրմանը նվիրված պլանների վերաբերյալ»,- պնդում է հանձնաժողովը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացվել է, որ վերջինս միայն օդային օպերատորներին վկայականներ տրամադրելու հանձնառություն պետք է ստանձնի և հայկական ռեգիստրի մեջ պետք է ներառի ինքնաթիռներ, եթե կամ երբ լիովին կարող է վերահսկել դրանք:

Թե ինչ ընթացք կունենա հարուցված քրեական գործը ՔԱԿ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ, հասարակությունը, թերևս, կտեղեկանա հետագա պաշտոնական հաղորդագրություններից, սակայն ակնհայտ է, որ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրների մասին կարող էր ցանկության դեպքում տեղեկանալ այլընտրանքային աղբյուրներից, եթե, իհարկե, այդ մասին իրականում չգիտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս