Բաժիններ՝

««Մնա տանը, փրկիր կյանքեր» կոչեր անողների և պատվիրողների սոցիալական ապահովվածության մասին կասկած չունենք, բայց ի՞նչ անեն սոցիալապես անապահով խավի մարդիկ». Արման Աղաջանյան

ԱՄՆ-ը համարվում է կորոնավիրուսի 500 հազարից ավելի դեպքերով առավել ախտահարված երկիրն աշխարհում:

168.am-ն աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներից պարբերաբար տեղեկանում է  covid 19-ով պայմանավորված իրավիճակի, հասարակական տրամադրությունների, հայ վարակակիրների մասին:

Այս անգամ զրուցել ենք լոսանջելեսաբնակ հայ ռեժիսոր, երգիչ Արման Աղաջանյանի հետ, հետաքրքրվել՝ ինչպիսի՞ն է պատկերն ԱՄՆ ամենահայաշատ քաղաք Լոս Անջելեսում, և արդյո՞ք երկրում վարակակիրների թվերը խուճապի չեն մատնում հասարակությանը:

Հիշեցնենք՝ Կալիֆոռնիայում վարակակիրների թիվը հատել է 22.300-ը, մահերի թիվը՝ 6000-ը:

Ա. Աղաջանյանը մասնավորապես մեզ պատմեց. «Վախի գործոնը, ինչպես շատ երկրներում, այստեղ նույնպես կա. ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաներն էլ իրենց գործն անում են հասարակական տրամադրություններ ձևավորելու հարցում:

Լավ կլիներ՝ ավելի շատ մասնագետներ բարձրաձայնեին. «Ոչ ոք չի ժխտում համաճարակի գոյությունը,  բայց այն, որ այս համաճարակը նաև օգտագործում են որպես զենք՝ վաղվա օրը ձևավորելու համար, դա փաստ է»:

Ի դեպ, մեր զրուցակիցը հավելեց, որ նման մտահոգություններ իր շրջապատում շատերն ունեն՝ թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Հայաստանում. «Ես նույնիսկ կասկածում եմ, որ մենք դարաշրջանի փայլուն սպեկուլյացիայի, մեծ ստի ականատեսներն ենք,  և, որ վաղվա օրը 180 աստիճանով փոխվելու է, ու, որ մեր այսօրվա քայլերի համար պատասխան ենք տալու եկող սերնդին. մեր լռությունը փոխելու է աշխարհի մտածելակերպը, չգիտեմ՝ դեպի լա՞վ, թե՞ դեպի վատ, բայց մի բան, որ ստեղծվում է նաև ստի ու պարտադրանքի ֆունդամենտի վրա, լավ չի կարող լինել. Իրականությունը, ըստ իս՝ խիստ տարբերվում է մեդիա դաշտի հաղորդած տեղեկություններից»:

Վարակակիրների, այդ թվում՝ հայ վարակակիրների մասին հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Հիվանդների քանակի մասին  հստակ տեղեկություններ չկան: Ինքս շրջել եմ Լոս Անջելեսի տարբեր հիվանդանոցներով,  հիվանդանոցները դատարկ են, թեև, վերջին տեղեկություններով՝ միայն Լոս Անջելեսի շրջանում 8000-ից ավելի վարակակիրներ պետք է լինեն:

Ես անձամբ չեմ ճանաչում covid 19-ով որևէ վարակակրի»:

Մեր հայրենակցին հատկապես մտահոգում են այս օրերին հայաստանաբնակ շատ հայերի սոցիալական խնդիրները, որոնք այս օրերին հատկապես ակնառու են. «Այսօր՝«Մնա տանը, փրկիր կյանքեր» կոչեր անողների և պատվիրողների սոցիալական ապահովվածության մասին կասկած չունենք, բայց ի՞նչ անեն սոցիալապես անապահով խավի մարդիկ, ովքեր շատ են՝ հատկապես Հայաստանում, ովքեր չունեն ապրելու-սնվելու տարրական հնարավորություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս