Շվեդահայ Սարգիս Տէկիրմէնճեանը՝ Covid-19-ի դեմ պայքարի շվեդական մոդելի մասին
Covid-19-ի դեմ պայքարում շվեդական մոդելին անդրադառնում են միջազգային ու տեղական վերլուծաբանները: Շվեդիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ԵՄ քաղաքացիների առաջ սահմանները չի փակել ու սահմաններից ներս էլ արտակարգ դրություն չի հայտարարել: Երկրում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 9600-ը, մահացել է 870 մարդ:
168.am-ը շվեդական մոդելի, Շվեդիայում կանխարգելման միջոցառումների ու հասարակական տրամադրությունների մասին զրուցել է շվեդաբնակ միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Սարգիս Տէկիրմէնճեանի հետ: Նա որոշ մանրամասներ է հայտնել նաև հայ համայնքի մասին:
– Շվեդիայում կարանտին չեն հայտարարել, այդուհանդերձ, հաշվի առնելով վարակակիրների ու մահերի թիվը՝ ինչ–որ կանխարգելիչ միջոցառումներ արվո՞ւմ են:
– Իրավացիորեն, Շվեդիան արտակարգ դրություն հայտարարած երկրներից չէ: Չնայած սկանդինավյան երկրների մեջ ամենաշատ վարակվողներ ունեցող երկիրն է, բայց առողջապահության նախարարությունն առօրյա ընթացքով չի զլանում փոխանցել համապատասխան, հավասարակշռված և զգուշավոր խորհրդատվություններ, ինչպես նաև ազդարարներ, մասնավորապես.
- Հիվանդ լինելու պարագայում չգնալ աշխատավայր կամ դպրոց, մնալ տանը՝ կանխելու վարակման դեպքերը, վիճակը վատթարանալու դեպքում՝ կանչել շտապ օգնություն:
- Ձեռքերը լվալ օճառով և ջրով՝ նվազագույնը՝ 20, և առավելագույնը՝ 30 վայրկյան: Հարկ եղած դեպքում օգտագործել ախտահանիչ հեղուկներ:
- Խուսափել հանրային փոխադրամիջոցներ նստելուց՝ բացի շտապ և շատ կարևոր դեպքերից, նստելիս պահել ուղևորների միջև հեռավորությունը:
- Սոցիալական հեռավորությունը պահել նաև հանրային վայրերում:
Խուսափել նաև այն հանրային միջոցառումներին ու խնջույքներին մասնակցել, որտեղ թիվը գերազանցում է 50-ը:
Խրախուսվում է հիմնականում տնից աշխատելը:
- Չեղարկել ոչ էական արտաքին կամ ներքին ճամփորդությունները:
- 70 տարեկան կամ ավելի բարձր ռիսկային տարիք ունեցող մարդկանց խստորեն խորհուրդ է տրվել խզել կապը հանրության հետ: Ի դեպ, յուրաքանչյուր քաղաքապետարան ունի կամավորներ, որոնք շտապում են ցանկացած կարիք ունեցողի օգնել:
– Այս պայմաններում ինչպիսի՞ տրամադրություններ կան բնակչության շրջանում, ինչպե՞ս են վերաբերվում վիրուսով պայմանավորված նոր իրավիճակին:
– Բնակչութեան վերաբերումը երկու խմբի է բաժանված՝
60-65%-ը իրազեկ և բարձր գիտակցությամբ քաղաքացիներն են, իսկ 30-35%-ն ապրում են շատ սովորական և տեղեկացվածությամբ՝ թերի:
Վարակվածների ջախջախիչ մեծամասնությունը Ստոկհոլմում է և քաղաքի շրջակայքում է:
– Հայ համայնքում ինչպե՞ս են վերաբերվում խնդրին, արդյո՞ք վարակակիրներ կան համայնքում:
– Հաշվի առնելով այն, որ համայնքը երկրի տարբեր հատվածներում է բաշխված, ընդհանուր պատկերը չեմ կարող փոխանցել, բայց ինձ ծանոթ վարակակիրների դեպքեր եղան և, դժբախտաբար, տեղեկացանք, որ թագաժահրից հայ մահացող էլ եղավ: