Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանը՝ Իտալիայում կորոնավիրուսի արագ տարածման պատճառների ու Իտալիայում ապրող հայերի մասին

Իտալիայում համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է ավելի քան 16.500 մարդ: Ու թեև այսօր արդեն նշում են վարակվածության դեպքերի նվազման մասին, սակայն եվրոպական այս երկիրը շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թվով առաջին տեղում է:

«Իտալիան, մասնավորապես՝ հյուսիսային շրջանները, ամենից շատ տուժած հատվածներն են: Բերգամո քաղաքը, որտեղ ունենք նաև համայնքի ներկայացուցիչներ, զոհերի թվով առաջիններից է, իտալացիները ժամանակին կատակով քաղաքն անվանում էին ծերերի քաղաք: Իտալական կառավարությունը թեև հաստատեց, որ դրական դինամիկա կա՝ և՛ վարակակիրների, և՛ բուժվածների թվերի հետ կապված, սակայն փաստ է, որ հիվանդանոցային համալիրները պատրաստ չէին այսպիսի իրավիճակի»,- 168.am -ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Իտալիայում ուսանող Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանը, ով վերջերս է վերադարձել Իտալիայից, սակայն առցանց շարունակում է կապ պահել հայ համայնքի հետ:

Մեր զրուցակիցը  տեղեկացրեց, որ վարակի տարածման սկզբում սահմանափակումները չեն եղել, համապետական և տեղաշարժի սահմանափակումներ մտցվել են երկու գյուղերում, որոնք գտնվում էին Միլանոյից ոչ հեռու, սակայն վարակը արագ հասել է նաև Միլանո, ապա Լոմբարդիա և Վենետո նահանգներն են հայտարարվել կարմիր գոտի.

«Արգելվեցին այն գործունեության տեսակները, որոնք կարող էին մարդկանց հոծ բազմություն հավաքել մեկ տեղում, այսինքն՝ մարզասրահներ, գիշերային ակումբներ, փոքր բարեր, նաև արգելեցին պատարագները եկեղեցիներում մարդկանց մասնակցությամբ, սակայն կարող էին ռեստորան այցելել և այլ վայրեր՝ պահպանելով մեկուկես մետր հեռավորություն, անգամ եկեղեցական այլ արարողություններ կարող էինք կատարել նույն պայմաններով»:

Խոսելով Իտալիայում վարակի արագ տարածման պատճառների մասին՝ Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանը նշեց.

«Երբ վարակակիրների թիվը կտրուկ ավելացավ (և հիմնականում ասում են, որ պատճառն այն երիտասարդներն էին, ովքեր ամեն երեկո միասին խնջույքների մեջ էին և վստահ էին, որ իրենց վտանգ չի սպառնում), որոշեցին վերոնշյալ երկու շրջանները լրիվ արգելափակել ելքը և մուտքը: Հայտարարությունը նախնական էր, դեռ չէր ստորագրվել, այդ գիշեր մոտ 1500 հոգի հյուսիսից մեկնեց հարավ՝ առանց թեստավորման: Ահա այսպես սկսվեց Իտալիայում վարակի տարածումը: Բոլորը մտածում էին, որ մարդիկ գիտակից կլինեն, սակայն ոչ ոք չէր հասկանում հարցի լրջությունը և շարունակում էին նույն կերպ ապրել:

Հիմա ամենայն խստությամբ փակ են գրեթե բոլոր վայրերը, տեղաշարժի իրավունքը մաքսիմալ սահմանափակ է, անգամ եկեղեցականները, եթե անմիջապես եկեղեցու տարածքում չեն բնակվում, տեղաշարժի խնդիր ունեն անգամ եկեղեցի գնալու:

Մարդիկ գիտակցում են տանը մնալու անհրաժեշտությունը, սակայն նաև ունեն ձանձրույթի զգացողություն, բոլորը նյարդային առումով լարված են, ջղաձգված, սակայն, ինչպես նշեցի՝ գիտակցաբար են մոտենում իրավիճակին»:

Մեր հարցին ի պատասխան՝ նա նաև տեղեկացրեց, որ հայ համայնքում եղել է երկու վարակակիր, որոնք ապաքինվել են, և արձանագրվել է մեկ մահ.

«Եկեղեցին, ինչպես Իտալիայում գործող մյուս եկեղեցիները, փորձում է համացանցի միջոցով կատարել հոգևոր խնամք, քարոզներ և հեռարձակել պատարագները: Նաև կապի մեջ ենք համայնքի անդամների և երիտասարդների հետ, պարբերաբար ճշտում ենք՝ արդյոք կա՞ն կարոտյալ հայեր, ովքեր ֆինանսի խնդիրներ ունեն: Նշեմ, որ հատուկ ծրագրի տակ գտնվող հայերի նկատմամբ կառավարությունը կատարում է իր պարտականությունները: Անում ենք մաքսիմալը, ինչի հնարավորությունը մեզ տալիս են այսօրվա միջոցները»:

Տեսանյութեր

Լրահոս