Սիրիայի և Եգիպտոսի հայերը՝ կորոնավիրուսի և վարակակիրների մասին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 1 միլիոն 400 հազարը:
Արաբական երկրներից վիրուսով պայմանավորված մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում՝ 94 մարդ, վարակակիրների թիվը կազմում է 1450: Քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ:
168.am-ը զրուցել է Սիրիայում և Եգիպտոսում ապրող մեր հայրենակիցների հետ, տեղեկացել այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, հայ համայնքում առկա տրամադրությունների մասին:
Սիրիահայ ճարտարագետ Սասուն Սարգսյանը պատմեց, որ Սիրիայում, ինչպես շատ երկրներում առկա են տեղաշարժման սահմանափակումներ. «Առայժմ ամեն ինչ փակ է, միայն մթերային խանութներին և դեղատներին է արտոնված աշխատել, մարդիկ իրենց տներում են մեկուսացված: Սիրայում վարակակիրների թիվը շատ մեծ չէ, ինչպես հաղորդում է կառավարությունը՝ 19 վարակակիր և 2 մահ:
Հիվանդանոցներում և այլ մեծ սրահներում պատրաստում են մահճակալներ, որ հարկ եղած դեպքում գործածեն, քանի որ հիվանդանոցների թիվը շատ մեծ չէ Սիրիայում:
Օրերս տեղեկացանք, չգիտեմ՝ որքանով է ճիշտ, որ սիրիական մի ընկերություն պատրաստվում է արտադրել ֆրանսիական քլորոքին դեղամիջոցը, մի շաբաթից հիսուն հազար դեղամիջոց է պատրաստելու:
Բնակչությունը, մեծամասամբ, լուրջ չի ընդունում խնդիրը, բայց կան նաև գիտակից մարդիկ, որոնք կարևորում են խնդիրը, հասկանում՝ մաքրության ու ախտահանման կարևորությունը»:
Ս. Սարգսյանը փոխանցեց, որ հայ համայնքում վարակակիրներ չկան և իրականացվում են կանխարգելման միջոցառումները. «Թեև անուններ չեն հայտարարում, բայց հայ վարակակրի մասին տեղեկություն չունենք:
Ընդհանրապես, տասնինը վարակակիրները Դամասկոսում են, մյուս քաղաքներում վարակակաիրներ չկան:
Հայ համայնքներում արդեն շտապօգնության մարմիններ են ձևավորվել, բայց դեռևս, հաշվի առնելով վարակակիրների քիչ թիվը, կոնկրետ գործունեություն չեն ծավալում»:
«Եգիպտահայ համայնքը, որը ներկայացված է Ազգային Առաջնորդարանով, մեկ միլիոն եգիպտական ոսկի հատկացրեց պետությանը՝ պսակաձև ժահրի դեմ պայքարին աջակցելու համար».
«Եգիպտոսում կառավարությունն անմիջապես դիմեց գործնական քայլերի՝ փակելով դպրոցներն ու համալսարանները, ապա մարզական ակումբներն ու առևտրի կենտրոնները»,- վիրուսի դեմ Եգիպտոսի առաջին կանխարգելիչ քայլերը ներկայացրեց Կահիրեից Սոսի Կարողլանյան-Չիլինկիրյանը:
Նա հայոց լեզվի ուսուցչուհի է և դասավանդումն այժմ իրականացնում է առցանց. «Բնակչության մեծ մասը սկսել է առցանց կատարել իրենց աշխատանքը։ Իսկ երեկոյան ժամը 7:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00 կառավարության որոշումով հայտարարվել է պարետային ժամ»։
Մեր զրուցակիցը նշեց, որ հայ համայնքը հետևում է Եգիպտոսի կառավարության ցուցումներին՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով. «Փակվեցին հայկական վարժարանները (Կահիրե, Ալեքսանդրիա), ինչպես նաև մարզական ակումբները։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բոլոր արարողությունները՝ Ազգային Առաջնորդարանի Դիվանի որոշմամբ, դարձան դռնփակ՝ հավատացյալներին հասանելի դառնալով դիմատետրի (Ֆեյսբուքի) էջով միայն՝ ուղիղ հեռարձակմամբ։ Տեղեկացնենք նաև, որ եգիպտահայ համայնքը` ներկայացված Ազգային Առաջնորդարանով, մեկ միլիոն եգիպտական ոսկի է հատկացրել պետությանը՝ պսակաձև ժահրի դեմ նրանց պայքարին աջակցելու համար»: