«Աշխատավարձը վճարվել է մինչև մարտի 24-ը». «Ալեքս տեքստիլ»
Արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է այն մասին, որ «Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցներին գործատուն հրաժարվում է վճարել մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ:
Ըստ հրապարակումների՝ ընկերությունը վճարել է մարտի 16-ից հետո հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ընդամենը 4 օրվա համար:
Տեղեկության վերաբերյալ 168.am-ը փորձեց մանրամասներ ճշտել «Ալեքս տեքստիլ» ընկերությունից:
Փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանը հարցին՝ արդյո՞ք ընկերությունը վճարել է հարկադիր պարապուրդում գտնող աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ, պատասխանեց.
««Ալեքս տեքստիլ» ընկերությունն աշխատակիցների աշխատավարձը վճարել է մինչև մարտի 24-ը ներառյալ, որից հետո նրանք վճարվել են նաև հարկադիր պարապուրդի համար: Հրապարակումները, թե աշխատողներին աշխատավարձ չի վճարվել հարկադիր պարապուրդի համար, իրականությանը չի համապատասխանում»: