
Կառավարությանն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու առաջարկ ենք արել. Արսեն Թորոսյան

Վերջին օրերին կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անկում է ապրել, և դա կիրառված սահմանափակումների հետևանքն է, սակայն խնդիր կա այդ տեմպը պահպանելու: Ցածր թվեր ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն. իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում և փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև: Կառավարությունն առաջարկել ենք արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել, ինչը շատ կարևոր է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ այժմ պետք է ավելի լայն թափով իրականացնեն վարակի դեմ պայքարին ուղղված համապատասխան գործողությունները:
«Մեր խնդիրն է՝ նաև ունենալ կառավարելի թվով պացիենտներ, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա զբաղվել նրանցով, իսկ հակառակի պարագայում կունենանք անկառավարելի իրավիճակ»,- ասաց նախարար Թորոսյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ այսօր էլ բազմաթիվ մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բուժման կարիք չունեն և որևէ դեղամիջոց չեն ընդունում՝ բավարարվում են ջերմիջեցնող Պարացետամոլով և տաք թեյով:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների թվին՝ Արսեն Թորսյանը հայտնեց, որ այսօր այդ գործին ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնց, ի դեպ, տրվում է հավելյալ ֆինանսավորում:
«Բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորվում են հիմնականում պետական բյուջեի միջոցներով՝ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար է: Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- ասաց նա: