Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը. Սիսակ Գաբրիելյան
Այս պահին քննարկվում է գործող սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու մասին հարցը:
Այսօր Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը, և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ: Իմ խորին համոզմամբ՝ հիմա ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային համարվող դեղերը փոստային ծառայությունների, բեռնափոխադրումների միջոցով ստանալու հարցը»,- ասաց պատգամավորը՝ ներկայացնելով իր հեղինակած Դեղերի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել էր.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 30 օրով` 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշման 1-ին կետում «2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերով:
2) որոշման 7-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելվածների» բառով:
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությամբ ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն որոշմամբ: