Բաժիններ՝

Կորոնավիրուսն ավելացրել է կիբեր-վտանգները, իսկ կարանտինը լրացուցիչ սպառնալիքի աղբյուր է դարձել. Սամվել Մարտիրոսյան

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում, երբեմն էլ՝ այս օրերին ավելի հաճախ ենք հանդիպում խաբեությունների, լսում կիբեր-հարձակումների մասին:

Կորոնավիրուսն իսկապես ավելացրել է կիբեր-վտանգները, իսկ բուն կարանտինը լրացուցիչ սպառնալիքի աղբյուր է դարձել: 168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով կիբեր-վտանգների ավելացման հիմնական պատճառներին՝ Սամվել Մարտիրոսյանը մի քանի աղբյուր նշեց:

«Առաջին խնդիրն այն է, որ մարդիկ շատ են սկսել ինտերնետից օգտվել՝ ուղղակի ստիպված: Դա բերում է նրան, որ ինտերնետից նաև օգտվում են մարդիկ, որոնք առաջ շատ քիչ էին օգտվում և առանձնապես ավելի կրթված չէին այդ տեսանկյունից:

Սրան գումարվում է ընդհանուր էմոցիոնալ ֆոնը: Վիրուսի հետ կապված՝ կա վախ մարդկանց մեջ: Դա բերել է նրան, որ կիբեր-հանցագործներն օգտվում են առիթից և լավ ուժեղացրել են իրենց հարձակումների քանակը և որակը, որովհետև հասկացել են, որ ծուղակն ընկնողների թիվը շատացել է»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը նաև փոխանցեց, որ կան կոնկրետ դեպքեր: Օրինակ, առիթից օգտվել են ադրբեջանցիները և փորձում են կիբեր մեթոդներով խուճապ տարածել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվային վտանգների հիմքերի շարքում նաև ներառում է կարանտինի պատճառով դպրոցականների, համալսարանականների օնլայն դասընթացների անցնելը, մարդկանց էլեկտրոնային առևտրի և օնլայն ծառայություններից օգտվելու հաճախակիությունը:

Ստացվում է, որ այժմ կիբեր-հանցագործների ակտիվացմանը միտված երկու կարևոր հանգամանք կա՝ ինտերնետում մեծ քանակի մարդկանց առկայությունը, որոնք շատ քիչ փորձ ունեն ցանցից օգտվելուց, և առկա էմոցիոնալ մթնոլորտը, որը մարդկանց ավելի խոցելի է դարձնում, գոյություն ունեն միաժամանակ:

Սոցիալական ցանցերում տարածվող կիբեր-հանցագործների հիմնական թիրախը տարբեր խաբեություններն են, իսկ ինչպես «Թվային անվտանգությունը կորոնավիրուսի և կարանտինի օրերին» հոդվածում գրել է Ս. Մարտիրոսյանը, ամենատարածված խաբեությունն աստղաբաշխական գումարներ շահելու մասին հայտարարություններն են:

Վերջին օրերին սոցիալական ցանցի հայկական հատվածում սկսել էին տարածվել հայ հայտնիների անունից շահումների առաջարկներ: Սահմանված կանոնի համաձայն՝ օգտատերը, որը ցանկանում էր ստանալ աստղաբաշխական գումար, օրինակ, պետք է մեկնաբանություններում գրեր իր ազգանվան առաջին տառը: Սոցիալական կայքերում հանդիպում էին կեղծ Քիմ Քարդաշյանը, Հենրիկ Մխիթարյանը, Սիրուշոն, Սերժ Թանկյանն ու այլք:

«Այս ամենը դեռ տարածվում է, փոխվում են հայտնիների անունները: Սա կար մինչև վիրուսը, ուղղակի մարդկանց շատ ցանցում լինելն ուժեղացրել է դրանց ազդեցությունը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Կիբեր-հանցագործների ծուղակից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը մարդկանց հորդորում է լինել ուշադիր և ինքնակրթվել:

«Բազմաթիվ ձեռնարկներ կան, ուղեցույցներ կան, որոնցով կարելի է գոնե կիբերանվտանգության մինիմալ պահանջները սովորել, և դա մարդուն դարձնում է շատ ավելի պաշտպանված: Այսինքն՝ մի քանի րոպե ծախսելով, նման ձեռնարկ կարդալով՝ կարող ես հետագայում խուսափել 90% լուրջ հարվածներից»,-ասաց փորձագետը:

Սամվել Կարապետյանը նշեց, որ, օրինակ, այս օրերին բավականին ակտուալ դարձած առցանց կրթության ընթացքում կիբեր-վտանգներից խուսափելու համար ԿԳՄՍ նախարարությունը երկու ձեռնարկ է պատրաստել երեխաների և ծնողների համար:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված սահմանափակումներով պայմանավորված՝ այսօր կրթական գրեթե բոլոր կենտրոններն առցանց դասընթացներ անցկացնում են Zoom հարթակում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Zoom հարթակի հազարավոր տեսագրություններ հայտնվել են համացանցում: Ընդ որում, այն մարդիկ, որոնց տեսագրությունները հայտնվել էին համացանցում, տեղյակ չեն եղել, որ իրենց զրույցը տեսագրվում է և հրապարակվելու է:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքն այնքան էլ առնչություն չունի հաքերային հարձակման հետ: Խնդիրը Zoom հարթակինն է:

«Zoom-ն ուներ որոշակի խնդիրներ, որովհետև իրենք չէին նախատեսել, որ ամբողջ աշխարհն իրենցից օգտվելու է և ինչով ասես զբաղվելու է Zoom-ի մեջ: Հիմա բավականին շատ խնդիր շտկվել է հենց Zoom-ի կողմից: Սա այն հարցն է, որ մարդկանց անփութությունը, ինչպես նաև Zoom արտադրողի անփութությունն իրար հանդիպել էին, և նման հետևանքներ էր ունեցել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նման հարթակներ բավականին շատ կան, բայց, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը, Zoom-ի ընտրությունը պայմանավորված է հարթակի հեշտ ընկալելի և անվճար տարբերակում ավելի շատ թվով մարդկանց միաժամանակ օգտվելու հնարավորության հանգամանքներով:

«Կան Microsoft-ի, Google-ի հարթակները, մի շարք այլ հարթակներ, ուղղակի Zoom-ը որակ-գին-հնարավորություններ-պարզություն հարաբերության պատճառով ընկել է առաջ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս