«Սա պետք է մեզ սթափության կոչ անի, որ հետայսու մեր հարկաբյուջետային քաղաքականությունը պլանավորելիս՝ պարտադիր որոշակի պահուստներ ձևավորվեն»․ Կառլեն Խաչատրյան
«Ողջունելի է կառավարության այդ դիրքորոշումը, որովհետև նախորդ տարվա կեսից, երբ արդեն ակնհայտ էր, որ 2019թ․ կապիտալ ծախսերը թերակատարվելու են, մենք՝ տնտեսագետներս, անընդհատ մատնանշում էինք, որ դա անթույլատրելի է, և իրականում, կապիտալ ծախսերը թերակատարելով՝ մենք հաջորդ տարվա զարգացման հնարավորություններն էապես պակասեցնում ենք, և անկախ առկա հանգամանքներից, հիմնավորումներից՝ պետք է կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել, ինչը այդպես էլ չեղավ։ Փաստացի, 2019թ․ մենք ընդամենը 1/3-ով կարողացանք կատարել պլանավորած կապիտալ ծախսերը, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու իմաստով գործադիրը կարևոր է համարում կապիտալ ծախսերը․ «Դրանք մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր։ Դա նաև այն ուղղությունն է, որն իր հետևից պետք է քաշի մյուս ուղղությունները, և մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա»։
Կառլեն Խաչատրյանը նկատեց՝ հատկապես վերջին 1-1,5 ամիսներին տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներն ակնհայտորեն վկայում են, որ տնտեսական աճի ակնկալիքները չեն արդարանալու․ «Այս իմաստով՝ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Ամենայն հավանականությամբ, տնտեսական անկում է արձանագրելու մեր երկիրը, և այդ իմաստով, անշուշտ, կարևոր է, որ կառավարությունը հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ուղղի տնտեսության աշխուժացմանը։ Կապիտալ ծախսերը, փաստորեն, ուղղություններից մեկն են, և կարևոր եմ համարում, որ կառավարությունը, ի վերջո, դրան ուշադրություն է դարձնում»։
Դիտարկմանը՝ որոշ տնտեսագետներ ասում են, որ կառավարությունը չունի համապատասխան ինստիտուտներ, մասնագետներ՝ խոշոր կապիտալ ծրագրեր իրականացնելու համար, նա այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ կառավարության կադրային ներուժն իրոք հնարավորություն չի տալիս լայնամասշտաբ և խորքային վերափոխումներ իրականացնել։ Դրա վկայությունը վերջին 2 տարվա ընթացքում տեղի ունեցող գործընթացներն են, այդ թվում՝ կադրային քաղաքականության իմաստով։ Եվ մեծ մասով կիսում եմ այդ տեսակետը, որ իրապես կադրային ներուժի, լայնամասշտաբ ծրագրերի բացակայությունն այսօր մեր երկրի առաջնային խնդիրներից է»։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի առաջացրած սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները վերացնելուն ուղղված կառավարության ծրագրերին, տնտեսագետն ասաց, որ դրանք կարևոր են, ինչ-որ իմաստով կմեղմեն իրավիճակը, բայց ըստ նրա՝ միանշանակ է նաև, որ դրանք այն ծավալով և այն չափի օժանդակության ծրագրեր չեն, որոնք վերացնեն հետևանքները․
«Մեծ հաշվով, թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսին ուղղված ծրագրերն ընդամենը կորուստների ինչ-որ փոքր մաս փոխհատուցելուն են միտված։ Ծրագրերից 3-ը վարկային սուբսիդավորման, համաֆինանսավորման ծրագրեր են։ Երեք ծրագրերով պետությունը բիզնեսին առաջարկում է անտոկոս վարկեր, այսինքն՝ վարկ վերցնել, որ աշխատավարձ կարողանան տալ, հարկ վճարեն կամ հումք ձեռք բերեն, բայց հաշվի առնելով այն տնտեսական անկումը, որը կա տնտեսությունում, պահանջարկի նվազման իմաստով և այլն, որևէ տրամաբանություն չկա, թե ինչու պետք է բիզնեսին դրդի գնալ պարտքի, թեկուզ անտոկոս պարտքի, եթե, ի վերջո, չի կարողանալու այդ արդյունքն այն ծավալով իրացնել, որ ծավալով արտադրվել է։ Անտոկոս վարկերը, չեմ կարծում, որ խնդիր են լուծելու։
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս իրավիճակում ավելի արդյունավետ են լինում պետության կողմից անհատույց տրվող օժանդակության ծրագրերը՝ դրամաշնորհների, տարբեր աջակցությունների տեսքով, քան՝ վարկերի․ «Նման մի ծրագիր անում է կառավարությունը, որը վերաբերում է նրան, որ, եթե մարտ ամսին բիզնեսն իր աշխատողների քանակը չի կրճատել, աշխատավարձի ֆոնդը ևս չի կրճատել, ապա աշխատավարձի ֆոնդի մոտ 20 տոկոսի չափով պետությունը միանվագ օժանդակություն է ցուցաբերում։ Ստացվում է, որ եկամտային հարկից ավելի փոքր գումար է վերադարձնում պետությունը․ եթե եկամտային հարկը 23 տոկոս է, փաստացի, այդ 23 տոկոսից 20-ը պետությունը վերադարձնում է, ինչը ևս, եթե խորը մտածենք, շատ էական օժանդակություն չենք կարող համարել։ Նույնը վերաբերում է ֆիզիկական անձանց տրամադրվող օժանդակության ծավալներին․ դրանք փաստացի գոյատևման համար անհրաժեշտ մինիմալ կենսական պահանջմունքներին միտված ծրագրեր են»։
Հարցին՝ ի՞նչ պետք է արվեր, բոլորին պետք է անհատույց օգնությո՞ւն տրամադրվեր, նա պատասխանեց․ «Բոլորին հարկերից ազատելը կամ ֆիզիկական անձանց մեծ չափով փող տալն էլ լուծում համարվել չի կարող։ Ես օբյեկտիվ եմ նայում իրավիճակին, և մենք պետք է հասկանանք՝ պետությունը բավարար պահուստային ֆոնդեր, ռեսուրսներ ունե՞ր արդյոք՝ ավելի ակտիվ քաղաքականություն իրականացնելու, թե՞ ոչ։ Հասկանալի է, որ մեր բյուջեն այդ ներուժը չունի, որպեսզի պետությունը կարողանա, օրինակ, հարկային արձակուրդ տրամադրել բիզնեսին։ Ընտրված գործիքակազմն էլ է վկայում այդ մասին, որ կառավարությունն էլ է ընդունում, որ այս իրավիճակում չի կարող գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ հրաժարվել որոշակի հարկային մուտքերից։
Տնտեսական անկումը տարբեր ոլորտներում իր հետ բերելու է նաև հարկային մուտքերի կրճատման, և այս իրավիճակում նաև հարկային արձակուրդ տալը պետության համար կարող էր կործանարար լինել։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք նախորդ տարիներին որոշակի պաշար չենք կարողացել կուտակել, որը նման ֆորսմաժորային իրավիճակներում ի վիճակի կլինեինք օգտագործել։ Սա է հիմնական խնդիրը և կարծում եմ՝ սա պետք է ինչ-որ իմաստով մեզ սթափության կոչ անի, որ հետայսու մեր հարկաբյուջետային քաղաքականությունը պլանավորելիս՝ պարտադիր որոշակի պահուստներ ձևավորվեն, որոնք նման անկանխատեսելի իրավճակներում հնարավորություն կտան կառավարությանը՝ ավելի ագրեսիվ միջամտության գործիքակազմ կիրառել»։
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ասվում էր, որ հարկային քաղաքականությունը խստացվել է, ստվերը վերացել է, հայտնի անունների կողմից տարբեր նվիրատվություններ էին արվում պետությանը, խոսվում էր Սաշիկի 50 տոկոսների վերադարձի մասին, այդ գումարները չե՞ն մտել բյուջե, թե՞ այլ խնդիր ունենք։
«Խոսակցությունների մակարդակով մեկնաբանություն անել չեմ ուզենա, բայց եթե նայում ենք պետական բյուջեի մուտքերի ծավալներին, ապա այո, վերջին տարիներին մենք պետական մուտքերի որոշակի ավելացում ենք ունեցել։ Եթե սրան գումարեն նաև այն, որ պետական բյուջեով պլանավորված ծախսերն էլ թերակատարվել են, օրինակ՝ 2019թ․, և ոչ միայն կապիտալ ծախսերի ուղղությամբ ենք թերակատարումներ ունեցել, այլև այլ ուղղություններով ևս։
Ուղղակի շատ է խոսվել կապիտալ ծախսերի մասին, որովհետև այդ ուղղությամբ թերակատարումը շատ մեծ ծավալի է եղել, բայց նույն գնումների ոլորտում մոտ 13 տոկոսանոց թերակատարում ենք ունեցել, և այսպես տարբեր ուղղություններով թերակատարումներ են եղել։ Այսինքն՝ եթե մենք համարում ենք, որ բյուջե հավելյալ հարկային մուտքեր են ապահովվում կոշտ վարչարարության միջոցով, և մյուս կողմից էլ՝ պլանավորված ծախսերը չեն կատարվում, փաստացի, պետք է որոշակի ազատ ռեսուրս ունենայինք։
Այդ ազատ ռեսուրսը, իմ մասնավոր դիտարկումներով՝ առավելապես ուղղվում է մեր արտաքին պարտքի սպասարկմանը, այսինքն՝ նախկինում վերցված պարտքային բեռն ինչ-որ իմաստով թեթևացնելուն, որովետև կառավարության պարտքը մոտեցել է օրենքով սահմանված թույլատրելի շեմին, ու այլևս պետությունը մեծ ծավալով արտաքին վարկավորում հայցել փաստացի չի կարողանում։ Եվ այս իմաստով՝ անհրաժեշտ է նախկինում վերցված պարտքն ինչ-որ չափով մարել, որ հնարավորություն ունենանք հետագայում հավելյալ վարկեր վերցնել»,- ի պատասխան՝ ասաց տնտեսագետը։