Բաժիններ՝

2020թ. հունվարից գործունեությունը սկսած ձեռնարկությունների համար առանձին հակաճգնաժամային ծրագիր չի նախատեսվել. Էկոնոմիկայի նախարար

Այն անհատ ձեռներեցները, որոնք իրենց բիզնես գործունեությունը սկսել են 2020 թվականի հունվարին և կորոնավիրուսով պայմանավորված որևէ եկամուտ չունեն, հակաճգնաժամային աջակցության առանձին ծրագրից օգտվել չեն կարողանա: Նրանց համար առանձին ծրագիր կառավարությունը չի նախատեսել:

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին, թե  ի՞նչ աջակցություն կարող են ստանալ այն անհատ ձեռներեցները, որոնք իրենց բիզնեսը գրանցել են այս տարվա հունվարին և կորոնավիրուսի պատճառով եկամուտ չեն ստացել, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց նաև.

«Մենք երկու խումբ կազմակերպությունների ենք առաջնահերթ աջակցության շրջանակում ներառել՝ նրանք, որոնք գործել են 2019 թվականի ընթացքում, և իրենց վարկային պատմությամբ իրենց գործընկեր բանկերի կողմից դիտվում են՝ որպես վարկունակ, և ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար արժանանում են կառավարության ֆինանսական աջակցությանը, և նրանք, որոնք նորից 2019 թվականի գործունեության արդյունքներով ապացուցել են, որ ունեն լավ վարկային և հարկային պատմություն: Ցավոք, Ձեր կողմից նշված դեպքը, այսինքն՝ այն կազմակերպությունները, որոնք գործում են այս տարեսկզբից, դեռևս այդպիսի վարկային, ֆինանսական աջակցության առաջնահերթ կազմակերպությունների խմբում լինել չեն կարող»:

Այդուհանդերձ, այդ կազմակերպություններին նախարարն առաջարկում է փորձել օգտվել կառավարության նախատեսած 5-րդ ծրագրից, որի համաձայն՝ այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականի մարտ ամսվա վերջի տվյալներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների թիվն ու աշխատավարձերի ընդհանուր ֆոնը, կառավարությունից կստանան ամեն հինգ աշխատակցի միջին աշխատավարձը.

«Սա առայժմ այն օգնությունն է, որ այդ կազմակերպությունը կարող է ունենալ»:

Նախարարը նաև հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարից իրենց գործունեությունը սկսած ձեռներեցներին՝ դիմել նախարարության ներդրումների աջակցման կենտրոն՝ ՓՄՁ-ների համար նախատեսված ծրագրերից օգտվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս