Բանկային ավանդների աճի որոշակի միտում կա. Դոլարային ավանդները փոխարինում են դրամայինի. ՀՀ վարչապետ
«Կառավարությունը հակաճգնաժամային 9-ը միջոցառում է ընդունել, որոնք հերթով սկսում են գործել: Այս պահի դրությամբ այդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ, ինչը կազմում է Կառավարության նախատեսածի 10 տոկոսից պակաս գումար:
Արդեն իսկ հրապարակել ենք այն էլեկտրոնային պատուհանի հասցեն, որով քաղաքացիները կարող են ստուգել, թե իրենք որ ծրագրի շահառու են հանդիսանում: ՀՀ բանկերը 290 հազար քաղաքացու տվել են վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով, 5300 իրավաբանական անձանց էլ՝ 5,4 միլիարդ դրամի չափով: Այս գործընթացը կշարունակվի, սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից վարչական միջամտությամբ, ինչը շատ կարևոր է»,- ապրիլի 9-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ բանկային համակարգն ու արտարժույթի շուկան ևս գտնվում են հանդարտ վիճակում, իսկ վերջին օրերին էլ նկատվում է բանկային ավանդների աճի որոշակի միտում:
«Կան արդեն իսկ տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները փոխարինում են դրամային ավանդների, ինչը ամենավառ ապացույցն է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,-ասաց գործադիրի ղեկավարը: