«Առողջ քննադատությունը կամ սխալների մատնանշումը ոչ միայն պետական դավաճանություն չէ, այլև պետությանն ուղղված աջակցություն է». Նարինե Դիլբարյան
ՀՀ առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանը երեկ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանն այսօր հայտնվել է «պատերազմական իրավիճակում», ընդ որում, նրա գնահատմամբ՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ:
Նա առաջարկել է իրականացնել մի շարք քայլեր՝ վտանգավոր ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար, այդ թվում՝ դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային, սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում, վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը:
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը:
Լ. Տեր-Պետրոսյանի հոդվածում առաջ քաշված քայլերի, մասնավորապես՝ ԶԼՄ-ների վերաբերյալ կոչի շուրջ 168.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նախկին լրագրող Նարինե Դիլբարյանի հետ:
– Տիկին Դիլբարյան, Ձեզ համար ընդունելի՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները և ընդդիմադիրների անելիքների վերաբերյալ դիտարկումները:
– Նախ՝ ասեմ, որ Տեր-Պետրոսյանն իր ուղերձը բաժանել է երկու հատվածի, առաջինը՝ բացատրական և ընդհանուր գնահատական, երկրորդը՝ առաջարկներ: Սկսեմ ընդհանուր գնահատականից՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանում իսկապես պատերազմ է ընթանում, և այն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պատերազմն է կորոնավիրուսի դեմ, ուստի իրավիճակն իսկապես արտակարգ է: Այս պատերազմում համախմբվածությունն ու միասնականությունը հաղթանակի բացառիկ և, թերևս, միակ լրջագույն հիմքերից է. այս առումով տարակարծություն չեմ տեսնում: Բայց եթե անցնենք առաջարկներին, ապա կարծում եմ՝ այս պահին իշխանությունների հանդեպ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունները և գործողությունները չունեն մեծ ուժգնություն, և կոչը՝ այն դադարեցնելու կամ հետաձգելու, կլրացնեի հետևյալ պնդմամբ՝ ատելություն քարոզելն ու սերմանելը սխալ է՝ նույնիսկ կյանքի բնականոն ընթացքի պարագայում:
Այսինքն՝ քաղաքական իշխանությունների դեմ պայքարը պետք է ընթանա միայն քաղաքական հարթության վրա, և հակառակ ճամբարում գտնվող քաղաքական կուսակցություններն իրենց գնահատականներում երբևէ, անգամ խաղաղ ժամանակ չպետք է ատելությունն օգտագործեն՝ որպես գործիք: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ պետք է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ որպես ավելորդ գրգռիչ, ապա կարող եմ համաձայնել, որ արտակարգ այս իրավիճակում ոչ միայն՝ ապրիլյան հանձնաժողովը, այլև՝ խորհրդարանը պետք է աշխատի իսկապես արտակարգ ռեժիմով, և մենք պետք է կարողանանք քննարկել այն հարցերը, որոնք լուծում են այս պահի խնդիրները: Հետագա բոլոր խնդիրները, երբ իրավիճակը կկանոնավորվի, դրանք կարող են քննարկվել, և իզուր ավելորդ լարվածության օջախներ այս պայմանում ստեղծելը կարող է բերել հասարակության մասնատման:
Նաև համաձայն եմ, որ Արցախի շուրջ բարձրացած այս աղմուկը պետք է կասեցնել և նոր իշխանությունների հետ միասին, Հայաստանի աջակցությամբ ապահովել լիակատար կառավարելիություն: Այո՛, ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել ինչ-որ խնդիրներ, տարբեր երկրներում ընտրությունների ժամանակ հնարավոր են, այսպես ասած, օրենքից շեղումներ, բայց պետք է առաջնորդվել ընդհանուր գնահատականով և ընդհանուր կառավարելի և վերահսկելի, նաև օրենքների դաշտում գտնվելու հրամայականով:
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային իրավիճակի հետ կապված առաջարկությունները ոչ թե հրապարակավ ներկայացնելու, այլ անմիջապես պարետատուն ուղարկելու վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկին, ապա կարծում եմ՝ հրապարակավ առաջարկությունները կարող են ավելի գործուն ուժ ունենալ, և հետևելով անցած ժամանակաընթացքին, նշեմ ընդհանրական, որ արտախորհրդարանական շատ ուժեր, նաև՝ «Ժառանգություն» կուսակցությունը, իր առաջարկությունների փաթեթն է ներկայացրել, և ուրախությամբ տեսնում եմ, որ այդ փաթեթի, ամեն դեպքում, նկատելի կետեր աստիճանաբար դրվում են կիրառության մեջ: Ուստի հրապարակավ առաջարկություններ անելն իր մեջ վտանգ չի պարունակում, բայց իսկապես ճիշտ կլինի, որ պարետատանը ստեղծվի հատուկ մարմին, և արդեն գործող մարդկանց տրվեն լիազորություններ՝ ուսումնասիրելու այդ փաթեթները և ըստ կարելվույն դրանք դնելու կիրառության մեջ: Կարծում եմ՝ ցանկացած առաջարկ՝ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական ուժերի կողմից կատարված, իսկ այս պարագայում, կարծում եմ՝ քաղաքական ուժերի կողմից արված առաջարկների հիմքում դրված է այդ կուսակցությունում ներգրավված մասնագետների կարծիքը, չափազանց կարևոր են, և դրանք պետք է իսկապես ուսումնասիրվեն և ի գործ դրվեն:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ, իսկապես հասկանալի է, որ մենք պետք է համախմբենք մեր ուժերը չարենցյան հայտնի կարգախոսով, հիշենք, թե 1937 թվականին Չարենցն ինչ էր գաղտնագրում իր պատգամում, որ հայ ժողովրդի միակ փրկությունը նրա հավաքական ուժի մեջ է. այս կարգախոսը չի կարող կորցնել իր արդիականությունը երբևէ: Այսօր էլ նույնպիսի ճգնաժամ է, ինչպես այն ժամանակ: Մենք պետք է համախմբվենք, սակայն սա չի նշանակում, որ պետք է լինեն մարդկանց կողմից արտահայտվելու կամ գնահատական տալու սահմանափակումներ, միակ սահմանափակումը, որը կարող է լինել, դա իսկապես ատելությունն է:
– Իշխանություններին ընդդիմադիրներից, այսպես ասած, պաշտպանելու նպատակը ո՞րն է: Իշխանությունը, որն ունի բարձր լեգիտիմություն, պե՞տք է մտահոգվի ընդդիմադիրների քննադատություններից:
– Կարծում եմ՝ ընդդիմադիրների քննադատությունները միշտ և ցանկացած իշխանության պետք է մտահոգեն, որովհետև միայն քննարկումների և քննադատությունների մթնոլորտում է, որ ձևավորվում են ճիշտ առաջարկություններ, եթե չկա քննադատություն և ճահիճ է, իսկ երբ ճահիճ է, ապա որևէ առաջադիմություն չկա: Առահասարակ քննադատական մթնոլորտի առկայությունը պետք չէ կապել լեգիտիմության ինչ-որ աստճանի հետ, ցանկացած լեգիտիմություն ենթադրում է հասարակության որոշակի շերտերի առկայություն, որոնք ձայն չեն տվել տվյալ իշխանությանը, քանի որ հանրության տարբեր շերտեր՝ գաղափարական ու կուսակցական, ունեն տարբեր կողմնորոշումներ, և սա ժամանակակից, հատկապես՝ 21-րդ դարի գլխավոր նվաճումներից մեկն է: Ուստի քննադատություն, անշուշտ, պետք է լինի, բայց դարձյալ նշեմ, որ քննադատությունը չպետք է շփոթել ատելության քարոզի հետ, խոսք, որն ասվում է հիմնավոր, մասնագիտական գնահատականներով՝ որևէ կապ չունի ատելության հետ:
Չափազանցումները, զգայական, թիրախավորումը, հարձակողական հռետորաբանությունը իսկապես պետք է բացառվեն, այս պարագայում, երբ մենք համավարակի դեմ հայտնվել ենք ընդհանուր պայքարում, դրանք պետք է իսպառ բացառվեն: Սակայն, ըստ իս, բնականոն գործունեության ժամանակ անձնական թիրախավորումը և հարձակողական հռետորաբանությունը տանում են դեպի փակուղի:
– Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմադիր մամուլի մասին հնչեցրած գնահատականները:
– Տեսնում եմ, որ փաստորեն շարունակվում է այն տխուր իրականությունը, որ Հայաստանում լրատվամիջոցները համարվում են որոշակի տանիքի տակ քարոզչամիջոցներ: Ինքս՝ ժամանակին լինելով գործուն լրագրությամբ զբաղված մարդ, որը բարձր է գնահատում ազատ լրատվության և խոսքի արժեքը, ուզում եմ հույս ունենալ, որ մենք այս հերթական փակուղուց դուրս կգանք, լրատվամիջոցները՝ անկախ իրենց ֆինանսավորման աղբյուրից, կհետևեն մի ճշմարտության, որ լուրը չի լինում կուսակցական և ընդհանրապես քաղաքական, լուրը կա՛մ հավաստի է, կա՛մ հավաստի չէ:
Ինչ վերաբերում է փորձագիտական գնահատականներին կամ վերլուծական տարբեր սցենարներին, ապա այս պարագայում ևս ամեն ինչ պետք է լինի չափի և տրամաբանության շրջանակներում: Իմ կյանքի մեծ ժամանակահատվածում լինելով ընդդիմադիր լրագրող՝ հաճախ էլ աշխատել եմ, այսպես ասած, իշխանական լրատվամիջոցներում, կարող եմ ասել, որ, եթե լրագրողն իր վերլուծությունը կառուցում է անաչառ և գրական հայերենի բառապաշարով, ապա չի ընկալվում՝ որպես ծայրահեղ թշնամի: Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն այս ուղղությամբ մտահոգություն է հայտնում, իհարկե, կան ինչ-որ նմուշներ որոշակի հարձակողականության, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմադիր լրատվամիջոցներում, այլև իշխանության ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները ևս երբեմն կարող են հարձակվել: Կարծում եմ՝ ճիշտը «հրադադարի» հաստատումն է, իսկ առհասարակ պետք է վերացնել այս հասկացությունը՝ իշխանական և ընդդիմադիր լրատվամիջոց, որովհետև «լրատվամիջոց» բառն արդեն հնչում է շատ հպարտ և չունի այդպիսի որոշիչներ:
– Տիկին Դիլբարյան, նշեցիք, որ նախկինում ակտիվ գործող լրագրող եք եղել, աշխատել եք Լևոն Տեր-Պետրոսանի նախագահության ժամանակ, նրա վերաբերմունքն ընդդիմադիր մամուլի, ազատ խոսքի նկատմամբ ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ մոտեցումներ է նա ցուցաբերել:
– Քանի որ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության անկախության կայացման տարիներն էին, ապա վերաբերմունքը տարբեր է եղել, ըստ այդմ էլ, եթե սկզբնական շրջանում իսկապես ազատական մթնոլորտ էր, ապա աստիճանաբար՝ ըստ ամենայնի, սխալների բեռի ներքո նկատվում էր նաև լրատվամիջոցների, անձերի հանդեպ ճնշում: Եթե անկեղծ լինենք, ապա ինքս էլ նման ազդեցությունների բախվել եմ, բայց եթե մարդը հետևողական է, և նրա հրապարակած լուրը հավաստի է, ապա այդ ամենին միշտ էլ կարելի է դիմագրավել: Ընդ որում, եթե անդրադառնամ աշխարհի փորձին, ապա ազատ խոսքը, ցավոք, ունի հետապնդման հնարավորություն: Այսինքն՝ այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ ևս չկար այդ ատելության խոսքը: Կարծում եմ, նա՝ լինելով փորձառու քաղաքական գործիչ, հասկանում է, որ այդ հորդորը նաև ուղղված է իրեն, կամ իր, այսպես ասած, ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներին:
– Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական այն ուժերը որոնք կքննադատեն գործող իշխանություններին, կարող են հռչակվել պետական դավաճաններ: Դուք հետևելո՞ւ եք նրա հորդորներին, զերծ կմնա՞ք քննադատություններից, քանի որ եղել են դեպքեր, երբ այս կամ այն հարցում քննադատել եք իշխանությունների գործելաոճը:
– Ես հենց խոսքիս սկզբում էլ ասացի, որ առողջ քննադատությունը կամ սխալների մատնանշումը ոչ միայն պետական դավաճանություն չէ, այլև պետությանն ուղղված աջակցություն է: Մենք երևի պետք է դադարեցնենք ամենակարևորը. եթե ես ժողովրդին ուղերձ հղեի, ապա կասեի, որ պետք է դադարեցնենք միմյանց մեջ փնտրել թշնամիներ: Այսօր Հայաստանում, կարծում եմ՝ որևէ մեկը չպետք է դիմացինին դիտարկի՝ իբրև թշնամի: Այս պահին իսկապես անհրաժեշտ է հրադադար: Բայց առհասարակ իրավիճակը չվերլուծել… կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը սա նկատի չի ունեցել, ես որքանով հասկացա, նրա ուղերձից չի բխում, որ չպետք է վերլուծել իշխանությունների աշխատանքը և գնահատականներ տալ:
Այս գնահատականը կարող է մի անգամ շատ դրական լինել, մյուս անգամ կարող է պարունակել քննադատական ինչ-որ իրողություներ, ասեմ, որ շատ անձնիշխան պետություններում ևս մենք տեսնում ենք քննադատություններ: Ամբողջ խնդիրը, որպես լեզվաբան ասեմ, բառապաշարն է, եթե մեր հռետորաբանությունը հարձակողական և անձնավորված չէ, այլ վերաբերում է երևույթին: Այսինքն՝ սխալ է քննադատել, ենթադրենք, պարետին՝ իբրև անձ, կամ Առողջապահության նախարարին, քննադատությունը պետք է ուղղված լինի համակարգի ղեկավարին, այսինքն՝ առողջապահության համակարգում չկան համաճարակաբան խորհրդականներ, ախտաբան-խորհրդական, սրա վերաբերյալ կա մասնագիտական կարծիք, ինչո՞ւ պետք է սա չնշվի, ընդհակառակը՝ սա կարող է օգուտ տալ:
Եթե կան մարդիկ, որոնք ասում են՝ եկեք տեղական արտադրությունը խթանենք և տեղական ուժերով արտադրենք դիմակներ և փորձենք լուծել այս խնդիրը, սա ոչ թե ոչնչացնող քննադատություն է, այլ առաջարկ է: Նման մտքերի փոխանակությունը չի կարող դադարել: Հուսամ՝ Տեր-Պետրոսյանը սա նկատի չունի: