Վիրուսոլոգիայում բամբակը կեղծ բացասական պատասխանի հավանականություն է ստեղծում. եթե նմուշառման համար դա են օգտագործում, ապա խնդիր ունենք. համաճարակաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ուրախալի լուր կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազման վերաբերյալ. երկու օրվա կտրվածքով,  մի դեպքում՝ ունենք վարակման 11, մյուսում՝ 20 դեպք:

Վարչապետն այս տեմպը զգուշավոր լավատեսությամբ դրական գնահատեց՝ ընդգծելով, որ, եթե այսպես շարունակվի, ապա ապրիլի 14-ից՝ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, հնարավոր կլինի վերադառնալ կյանքի բնականոն հուն:

Վարչապետ Փաշինյանի լավատեսությունը, սակայն, չի կիսում համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա հիմնավորմամբ՝ համաճարակի ողնաշարը ջարդելու մասին խոսք կարող է գնալ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ամենօրյա ռեժիմով իրականացվի նվազագույնը 1000 թեստավորում:

«Եթե մենք կարողանանք ամեն օր 1000 կամ 2000 թեստ անցկացնել և արդյունքում ունենալ 11 կամ 20 վարակակիր, ապա կարող ենք հույս ունենալ, որ հաջողվել  է համաճարակի ողնաշարը կոտրել: Նոր դեպքերը, Աստված գիտի, թե որքան են, որովհետև մեր երկրում մեծ քանակով թեստավորում չի արվում, ինչն արվել է, օրինակ, Գերմանիայում, Սինգապուրում: Օդակաթիլային կամ կաթիլային ճանապարհով տարածվող այս վարակի տարածման տեմպը շատ արագ է, և խոսել օրական 200-300 թեստի և վարակի տեմպի մասին, սխալ է: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք մարզերում որքան մարդ ունենք, որոնք չեն ենթարկվել թեստավորման: Մի ամբողջ կոմպլեքս վերլուծություն է  պետք անել, սկսած ջերմողների թվից՝ մինչև թոքաբորբով  հիվանդներ, որից հետո նոր կկարողանանք խոսել համաճարակի տեմպերի մասին»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը խնդրահարույց համարեց նաև նմուշառության իրականացման ընթացքը և նշեց, որ, եթե Հայաստանում նմուշառումն իրականացվում է՝ ինչպես ցուցադրվում էր  հեռուստատեսությամբ եթեր գնացած տեսանյութում, ապա դա սխալ է:

«Տեսանյութի մեջ երևում է, որ նմուշ վերցնում են փայտյա շպատելի միջոցով, որի ծայրին ամրացված է բամբակ: Սա չի համապատասխանում միջազգային չափանիշերին, ըստ որոնց՝ շպատելը պետք է լինի պլաստմասսե, իսկ ծայրին ամրացված լինի ոչ թե՝ բամբակ, այլ՝ վիսկոզ: Վիրուսոլոգիայի մեջ բամբակն առաջացնում է կեղծ բացասական պատասխանների հավանականություն: Եթե մեզ մոտ նմուշառման համար օգտագործում են բամբակ, ապա մենք ունենք խնդիր նաև նմուշառության հարցում»,- ասաց էդուարդ Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի իրենց թիմով զբաղվել են  կորոնավիրուսի ուսումնասիրությամբ, կազմել վերլուծական մոդելավորում, մշակել են հակազդման պլան և այն Ազգային ժողովի պատգամավորների միջոցով  ուղարկել Կառավարություն:

«Մեր կանխատեսումները մինչև վերջին օրերն իրականանում են, սակայն մեր ներկայացրած հակապլանից կամ հակազդման պլանի վերաբերյալ Կառավարությունից որևէ պատասխան չենք ստացել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս