Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 430 ԱԹՍ
Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հուլիսի 7-ը Կիևում սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եվս 6 մարդ զոհվել է Կիևի մարզում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևում թիրախավորել է ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներ։
Փոխադարձ հարվածները շարունակվում են նաև հուլիսի 7-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 6-ի ժամը 20։00-ից մինչև հուլիսի 7-ի ժամը 8։00-ն երկրի տարածքում խոցվել է 452 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 6։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 ԱԹՍ, որոնց մեկ մասը ոչնչացվել է մարզից հեռու։ 36 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Մոսկվայի օդանավակայաններն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։
Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հրթիռային հարվածներից մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։
Ուկրաինան էլ հայտնել է, որ ռուսական հարվածներից Սումիի մարզում զոհվել է 2 խաղաղ բնակիչ։

