«Իմ որդին, մեկ շաբաթ է՝ «Դոմոդեդովոյում» է գիշերում, չի կարողացել տոմս գնել, տեղ էլ չունի մնալու»․ Քաղաքացիները՝ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին
«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացի:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:
Նա տեղեկացրել էր նաև, որ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունն ապրիլի 4-ին հայտնել էր, որ ցուցակագրված քաղաքացիների թիվը գերազանցում է 2000-ը, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտնված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։
Մեր շատ հայրենակիցներ դժգոհում են, որ Մոսկվայից հեռու են բնակվում, ու դա էլ խոչընդոտում է օդանավակայան հասնելուն։
«Իմ ամուսինը գտնվում է Խաբարովսկում, բարեկամներից մեկը՝ Կրասնոդարում, պետք է շուտ իմանային երկրորդ չվերթի մասին, որպեսզի հասնեին Մոսկվա։ Քաղաք կա, որ իր սահմանները փակել է, ու թռիչք չկա դեպի Մոսկվա, այդ դեպքում ինչպե՞ս մարդը հասնի Մոսկվա։ Այստեղ «Դոմոդեդովոյում» գտնվողները կշահեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Հովակիմյանը։
Արմենուհի Պետրոսյանն էլ նշեց․ «Իմ որդին, մեկ շաբաթ է՝ «Դոմոդեդովոյում» է գիշերում, բայց ապրիլի 7-ի համար չի կարողացել տոմս գնի, տեղ էլ չունի մնալու»։
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ շատերը ֆինանսական կամ այլ խնդիրների առջև են կանգնած։ Եվ այն մարդկանց, ովքեր իրենց կտեղեկացնեն, որ չեն կարողանա վճարել իրենց տան վարձը կամ անօթևան են, կփորձեն օգնել։
«Մերձմոսկովյան հյուրանոցներ կան, փորձելու ենք նրանց տեղավորել։ Ռոստովում մեր գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Ռոստովում և Կրասնոդարում հավաքագրում են մարդկանց, որոնց ժամանակավոր հյուրանոցային համարներ կտրամադրվեն»,- ընդգծել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանը։
Նշենք, որ տոմսերը տատանվում են 14․000-16․000 ռուբլու սահմաններում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը «Ռոսավիացիային» հանձնարարել է մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարտերային չվերթերը:
Ապրիլի 2-ին Ռուսաստանից Հայաստան կայանալիք թռիչքը չեղարկվել էր, որի պատճառով մի շարք ՀՀ քաղաքացիներ մնացել էին «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել չարտերային թռիչք կազմակերպելու թույլտվություն։