Բաժիններ՝

«Դիմումս կգրեմ, կգնամ, եթե պարզվի՝ ասածս սխալ է». Գեղամ Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պատրաստ է դիմում գրել և աշխատանքից դուրս գալ, եթե ապացուցեն, որ, օրինակ, սպիրտը թանկացել է:

«Ասում են՝ սպիրտը թանկացել ա: Լուրջ, սպիրտը թանկացել ա: Բացեք Հարկային օրենսգրքի 88 հոդվածը, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, եթե իմ ասածը սխալ կլինի, պատրաստ եմ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից»,- Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ սրտնեղեց Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր ղեկավարած կառույցը չի աշխատում:

Գևորգյանին շտապեց հանգստացնել նիստը վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Պարո՛ն Գևորգյան, եթե դա Ձեզ կմխիթարի, ասեմ, որ մենակ Ձեզ չեն ասում դա, մեզ բոլորիս էլ ասում են՝ չեք աշխատում»,- ասաց Թունյանը:

Ի պատասխան՝ Գևորգյանը նկատեց, որ, եթե միայն մեղադրեին չաշխատելու մեջ, դա դեռ ոչինչ, բայց մեղադրում են հանցավոր անգործության մեջ:

«Դրա մեջ մեզ էլ են մեղադրում, և այդ առումով Ձեր մտահոգությունները կիսում ենք»,- ասաց Թունյանը:

Խոսելով իր գերբեռնված աշխատանքի մասին՝ Գևորգյանը նշեց, որ երկու ամիս ժամանակ է ծախսել՝ հասկանալու համար, թե ինչու է թանկացել, օրինակ, իմբիրը:

«Ներմուծողները գինը չեն թանկացրել, թանկով առել, թանկով վաճառել են: Գնացել գտել ենք՝ մեկը մի ընկերություն է, որը գնել է 200 կգ, մեկն էլ մի մարդ է՝ Մեյմանդարի շուկայից: Հիմա գիտենք՝ ինչ ենք անում, որ պարապ չմնանք: Փորձում ենք հասկանալ, թե էլ ինչ ցիտրուսային մրգեր են առել, որ արհեստական դեֆիցիտի համար պատժենք: Կամ նկարում են էն 5000 դրամանոց լոլիկը, որի կողքը մենք ունենք 700 դրամանոց, կամ Նազրվան վարունգը, որը մարտ ամսին ամենապիկ գինն է»,- ասաց Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս