Որևէ կեղծող մեքենա մի քանի հարյուր ձայնի առաջ կկանգնե՞ր․ Նիկոլ Փաշինյանն՝ Արցախի ընտրությունների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախի Հանրապետությունում։ ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում ընտրություններն արդար չեն եղել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ոչ ոք չի ասում, որ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումներն ինչքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եկեք նայենք թվաբանությամբ։ Եթե խոսքը կեղծիքների մասին է, նախագահի թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին, առաջին փուլում հաղթանակ արձանագրելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծվում են, որևէ կեղծող մեքենա մի քանի հարյուր ձայնի առաջ կկանգնի՞։ Խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման ժամանակաշրջաններում դուք երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են, ինչո՞ւ են այնպես կեղծում, որ ընդդիմությունը, ի դեպ, ասեմ՝ բավականին կոշտ ընդդիմությունը, գրավում է երկրորդ և երրորդ տեղերը։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը կգրավեին առնվազն երկրորդ տեղը, և դրանով շատ հարցեր կլուծվեին»։

ՀՀ վարչապետը հավելեց, որ աննախադեպ է եղել թեկնածուների թիվը Արցախի թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններում։ «Ես չեմ ասում, որ այս ընտրությունները եղել են կատարյալ։ Ոչ, ընտրությունները չեն եղել կատարյալ, և ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է շարունակենք աջակցել Արցախին ժողովրդավարության հետագա զարգացման գործում, և մենք դա անպայման կանենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր։ Դրանք են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս