Բաժիններ՝

Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայ ժողովրդին ՌԴ դեսպանատնից ասում եմ՝ թռեք Մինսկ, նոր եկեք Մոսկվա

Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասն ազգությամբ հայեր են, բայց ՌԴ քաղաքացի,  ապրիլի 3-ին այդպես էլ չկարողացան լքել Հայաստանը։18։50-ին նախատեսված  «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չկայացավ, իսկ թռիչքներն անժամկետ հետաձգվեցին, տոմսերի գումարներն էլ չվերադարձրեցին քաղաքացիներին:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը  հայտարարել էր, թե  Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ, քանի որ  ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից չի  տրվել համապատասխան թույլտվություն՝ ուղևորներ վերցնելու համար։

«Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայ ժողովրդին ՌԴ դեսպանատնից ասում եմ՝ թռեք Մինսկ, քանի հնարավոր է, նոր եկեք Մոսկվա։ Մարդիկ վերջին փողերով տոմս առան, որ գային, չստացվեց, այդպես մնացին։ Գնել էին Երևան-Սոչի, հետո՝ Մոսկվա տոմսերը, պատկերացրեք, թե ի՞նչ գումարներ է այդտեղ։ ՌԴ դեսպանատունը ոչինչ չի անում իր քաղաքացիների համար, թողնում է, որ տանջվեն։ Իսկ նրանք, ովքեր կարողացել էին ավտոբուսով գնալ՝ մեկ շաբաթ սպասեցին, իրենց մեքենաները հասան տեղ: ՌԴ քաղաքացիներ են մնացել նաև Թաիլանդում, նրանց էլ չեն օգնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը, ում մարտի 30-ին հաջողվել է ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան։

Ինչպես հայտնել էինք՝ Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով: Քաղաքացիները մարտի 21-ին դիմել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ընդհանուր հայտարարի չէին եկել ու ստիպված դիմել էին Վրաստանի դեսպանատուն, որ օգնեն իրենց։

Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 31-ին Sputnik Արմենիա գործակալության հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը հեշտ չէ, և, բացի օպերատիվությունից, նաև համալիր լուծումներ և ոչ սովորական մոտեցումներ են պահանջվում։

«Ցավոք, Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի և ավտոճանապարհներին բեռնատար տրանսպորտի ծայրահեղ կուտակման պատճառով չհաջողվեց մինչև մարտի 30-ը կազմակերպել մնացած խմբերի մեկնումը (ՌԴ կառավարության 2020թ․ մարտի 27-ի N763-р որոշման համաձայն՝ 2020թ․ մարտի 30-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից սկսած՝ ՌԴ ցամաքային սահմանների հատումը սահմանափակվում է)»,- ասել է դեսպանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս