Ի պատասխան մեդիա-հարթակի «ցնցող բացահայտման»
Media.am-ը կարծես թե լրատվամիջոցների խնդիրներին, դրանց լուծումներին անդրադարձող լրատվամիջոց է, և թվում է, թե նրա հիմնական գործառույթը չպետք է լիներ Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտպանությանը լծվելը: Առավել ևս, երբ Ռևազյանի անձնական որակները չէր հետաքրքրել մեզ որպես լրատվամիջոցի, այլ անդրադարձել էինք մեր երկրի համար կարևորագույն մի խնդրի:
Ինչևէ, այլ մեդիաների ևս անհանգստացրել էր նախօրեի մեր այս հրապարակումը, սակայն անդրադառնում ենք Media.am-ի` մեր հրապարակման մեջ հակասություններ փնտրելու մոլուցքին սոսկ այն պատճառով, որ ի սկզբանե կարծել ենք, թե այս մեդիա-հարթակի գործունեության ոլորտն այլ է:
Խոսքն այն մասին չէ, որ չքննադատի, որքան ուզում է, խնդիր չկա, բայց ամեն դեպքում ճիշտ կլիներ, քանի որ նյութի հեղինակ սկսնակ նշանագիրը թերևս մի քանի անգամ կարդալուց հետո այնքան էլ լավ չի հասկացել` ինչ է գրված, կարող էր զանգահարել հեղինակին կամ խմբագրին, խնդրեր բացատրել կամ մեկնաբանել, ապա նոր գրեր իր դարակազմիկ հերքումը. սիրով կընդառաջեինք:
Հիմա` ըստ էության:
Հասկանալի է, որ խնդիր է դրված ամեն կերպ փրկել Քաղավիացիայի պետական կոմիտեի ներկայիս ղեկավարությանը և ՔԱԿ թիվ մեկ պատասխանատուին, հասկանալի է, որ դրա համար գործի է դրվել ձեռքի տակ եղած պաշտոնական և ոչ պաշտոնական ողջ ռեսուրսը, բայց կարելի է ամեն բան մի քիչ գրագետ անել:
Գանք հերթով:
Նշյալ կայքի հոդվածագիրը նյութի ամենասկզբում գրում է. «Ապրիլի 3-ին «168 ժամ» թերթը գրեց, թե «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին»։ Լուրը լայնորեն տարածվեց մամուլում, չնայած որ «168 ժամ»-ի հեղինակը արդեն հոդվածի երկրորդ պարբերության մեջ ինքն իրեն հերքել էր:
«168 ժամ»-ի հոդվածի պնդումը երկու հակասական կետ ուներ։ Նախ, գոյություն չունի «Միջազգային ավիացիոն կազմակերպություն» անվանմամբ կառույց։ Երկրորդ, հնարավոր չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին «զրկել լիցենզիայից»:
Մենք մեր հրապարակման սկզբում գրել էինք. «Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:
Մեր աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են ստացվել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել»:
Չենք հասկանում, իհարկե, որտեղ է Media.am-ի հեղինակը պնդում տեսել, որ ասել ենք, թե իբր լիցենզիայից է զրկել: Միգուցե նորի՞ց կարդա: Տեղեկություն ենք ստացել այդ մասին, ապա ճշտել ենք տեղեկությունը ու հստակ գրել, թե խոսքն ինչի մասին է, ու բացարձակ որևէ հակասություն չկա:
Հասկանում ենք, իհարկե, որ երկար նստել ու մտածել են, թե ինչից կախվեն ու գտել են փրկօղակը` լիցենզիա… Հանգստացեք, սիրելիներ, ոչ ոք չի գրել, որ լիցենզիայից են ՔԱԿ-ը զրկել, հստակ գրված է, որ ԵԱՍԱ-ից զեկույց կա` ՔԱԿ աշխատանքի վերաբերյալ խայտառակ ցածր գնահատականներ պարունակող:
Նույնիսկ չէինք գրել, որ տեղյակ ենք արդեն, որ ՔԱԿ խայտառակ աշխատանքի արդյունքում երկու հայկական ավիաընկերություններ զրկվել են Եվրոպա թռիչքներ իրականացնելու իրավունքից, այնինչ գիտեինք անգամ, որ այդ երկու ընկերությունները «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅՍ» և «ԱՏԼԱՆՏԻՍ ՅՈՒՐՈՓԻԱՆ ԷՅՐՎԵՅՍ» ավիաընկերություններն են:
Պարզունակության աստիճանը հոդվածագրին զերծ չի պահել նույն, այն է` մեր ստացած տեղեկության մեջ նշված եվրոպական կառույցի անվանման վերաբերյալ «կեղտ» գտնելու գայթակղությունից: Եվս մեկ ու վերջին անգամ, հարգելի սկսնակ նշանագիր, խոսքը մեր ստացած տեղեկատվության մասին է, որը ներկայացրել ենք բառացի, ապա ճշտել ու ամեն ինչ գրել այնպես, ինչպես իրականում կա, այդ թվում՝ կազմակերպության անվանումը:
Անցնենք առաջ:
«Թերթը նաև հավելեց՝ 2015-ին եվրոպական գործընկերները գերազանց էին գնահատել ՔԱԿ աշխատանքը:
Հակասական այս պնդումների շարքում հնարավոր չէր հասկանալ՝ թե ինչ է վերջիվերջո պատահել ՔԱԿ-ում»,-իր ծավալուն նյութի` մեզ վերաբերող վերջին պարբերությունն է շարադրել Media.am-ի լրագրողը:
Նախ` թերթը չէ, կայքը, եթե այդքան ուշադիր ենք: Բայց թերևս դա էական չէ: Իսկ թե իր ասած պնդումների շարքում ինչո՞ւ է հիշատակել 2015-ի մասին ու չի հասկացել, թե, ի վերջո, ինչ է կատարվել ՔԱԿ-ում, չենք կարողանում հստակ պատկերացնել, բայց փորձենք բացատրել:
2015թ. մասին հիշատակությունը բերված էր, քանի որ կանխատեսելի էր, որ այս խայտառակ ձախողման ողջ պատասխանատվությունը բարդվելու էր նախկինների վրա, այնինչ 2015թ. աուդիտը Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատանքը գերազանց էր գնահատել:
Այսքանով մեզ վերաբերող հատվածը ավարտվում էր, և, իհարկե, հոդվածագիրը շրջանցել էր այն փաստը, որ մենք զրուցել էինք նաև ոլորտային պատասխանատուների հետ, որոնցից մեկը չէր հերքել, որ նման զեկույց կա, իսկ մյուսը նույնիսկ հաստատել էր: Բայց դրա մասին պետք չէր հիշատակել, անշուշտ, և մենք լիովին հասկանում ենք հեղինակին, թե ինչու:
Եվ վերջում: Այսքանով, ինչպես ասում են՝ կինոն չի ավարտվում, այլ նոր սկսվում է, որովհետև մեր այս ինֆորմացիայի հրապարակմամբ կարծես թե մի մեծ կոշտուկի ենք դիպչել:
Հնարավոր է, ստիպված լինենք առերեսվել կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության հետ: Դեռևս վերջնականապես չենք պնդում, ասում ենք՝ հնարավոր է: Հնարավոր է, իշխանությունների կողմից մարտի նետված մարդկային ռեսուրսը դաժան ճշմարտությունը իմանա ՔԱԿ երեկվա պարզաբանման ավարտին «Ով հայ ժողովրդին», իսկ իրականում «ՀՀ հպարտ քաղաքացիներին» բաց նամակով դիմած անձնավորության` ով լինելու մասին:
Հնարավոր է, որ եվրոպական բազմաթիվ կառույցներին ուղղված մեր հարցումների պատասխանները տհաճ անակնկալ լինեն, հնարավոր է: Իրականության մեջ այս ամբողջ պատմությունն ամփոփված է մեկ նախադասության մեջ` ՔԱԿ ղեկավարությունը կառավարել չգիտի, աշխատել չգիտի, իրենց կողմից տրված լիցենզիաներն էլ ոչ ոք բանի տեղ չի դնելու, որովհետև բանական մարդը վախենալու է թռչել ներիայիս ղեկավարությամբ կառույցի տրամադրած լիցենզիաներով: Ավելին, հնարավոր է՝ շատ-շատերը զարմանան, երբ երբ հայտնաբերեն, որ ՔԱԿ ներկայիս ղեկավարությունը ոչ մի կապ չունի Հայաստան լոուքոսթերներ բերելու «առասպելական» պատմության հետ…
Ոլորտը լրջագույն խնդիրների առջև է կանգնած, այդ մասին ահազանգում են ոլորտի նեկայացուցիչները, մասնագետները, այսօր արդեն նաև՝ միջազգային հեղինակավոր կառույցները: Եթե գործող իշխանությունները և նրան հարող շրջանակները համակրանք ունեն ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի անձի նկատմամբ, կամ գնահատում են նրա գիտելիքները, կարող են տեղափոխել այլ աշխատանքի՝ տուրիզմի կամ ավիաընկերությունների հարցերով խորհրդական և այլն, բայց ոչ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որը պատասխանատու է «օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման հարցերի համար» (մեջբերումը՝ օրենքից):
Օրենքի համաձայն՝ կոմիտեն է վերահսկողություն իրականացնում համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ` ՀՀ օրենսդրության, ԻԿԱՕ-ի և ՀՀ անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն է տրամադրում ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ և դադարեցնում դրանց գործողությունը` անհրաժեշտության դեպքում փորձագետների և մասնագետների ներգրավմամբ:
Հ.Գ. Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ի պատասխան բուն թեման շրջանցելու` ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի պնդմանը, թե ավիաընկերություններին են զրկել լիցենզիայից, իրականում խայտառակ ցածր գնահատականի հենց ՔԱԿ-ն է արժանացել, և ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա թռչելու իրավունքից հենց ՔԱԿ ստացած ցածր գնահատականի պատճառով: Եվ մենք չէինք անդրադառնա թերևս այս թեմային, եթե խաղասեղանին ավիացիոն անվտանգության խնդիրը և պետության հեղինակությունը դրված չլիներ:
Հարգանքներով՝ 168.am