Ինչու է ռուսական գազի գնի հարցը քննարկվել Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի ընթացքում

«Շատ բան կախված է լինելու կորոնավիրուսից հետո աշխարհում ստեղծվելիք տնտեսական վիճակից, գներից, ճգնաժամի առկայությունից, կամ հակառակը, ուստի կարծում եմ՝ սա անկայուն փուլ է այս հարցով հստակ կանխատեսումներ անելու համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ռուսական գազի գնի շուրջ Հայաստանի և Բելառուսի դժգոհություններին։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և ըստ Բելառուսի պաշտոնական հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ ռուսական գազի գինը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Նշենք նաև, որ զուգահեռաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսաստանյան «Գազպրոմին» առաջարկել է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել, իսկ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։ Տեղեկացնենք, որ անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ տնտեսական տեսանկյունից տնտեսագետները կարող են ասել, թե այս խոսակցությունները կամ հնարավոր բանակցությունները ՌԴ ղեկավարության հետ ինչ արդյունք կարող են ունենալ, որքանով են հիմնավոր Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի պնդումները գնի այս կամ այն չափի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ երկրները, որոնք ներկայումս գտնվում են այդ թեմայով բանակցային գործընթացի մեջ Ռուսաստանի հետ, պետք է ներկայումս վառելիքի շուկայում աշխարհում ստեղծվող իրավիճակը ևս ներառեն բանակցային գործընթաց։

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական տեսանկյունից այս հարցը քննարկելու համար  երկու հարթակ կա. Առաջինը՝ ԵԱՏՄ-ն է, և երկրորդը՝ առանձին երկրների և Ռուսաստանի հարաբերությունները, դա կլինի ամենաբարձր կամ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մակարդակով։

«Այսինքն՝ պետք է քննարկումները տեղի ունենան կամ երկկողմ հարթակում՝ Ռուսաստանի հետ, կամ բազմակողմ՝ ԵԱՏՄ շրջանակում։ Հասկանալի է, որ երկրները փորձում են ճնշում բանեցնել Ռուսաստանի նկատմամբ՝ հայտնելով հավաքական կարծիք, դժգոհելով գներից՝ փորձելով ուղերձ հղել Ռուսաստանին, բայց կարծում եմ՝ դա այդքան էլ չի նպաստում երկկողմ բանակցություններին, քանի որ, ի վերջո, այս երկրները բանակցելու են Ռուսաստանի հետ, և այդ բանակցությունների ընթացքում էլ արտահայտում են իրենց կարծիքը, նոր գին են բանակցում, և այլն։ Այստեղ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա նպաստելու է բանակցություններին»,- ասաց Լուկիանովը։

Նրա կարծիքով՝ առանձնահատուկ ուշադրություն այդ հանգամանքին Մոսկվան չի դարձնելու, բայց նկատելու է։

«Նման թեմաների շուրջ, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում մաքսազերծման հարցերի, ինչպես նաև գազի գնի շուրջ, Ռուսաստանը բազմիցս է տարաձայնություններ ունեցել Լուկաշենկոյի հետ այն դեպքում, երբ գազի գինը Բելառուսի համար սովորաբար եղել է ամենաէժաններից մեկն աշխարհում, ներկայումս գները փոխվում են, աշխարհն ունի լուրջ մարտահրավերներ, և սխալ է միմիայն այս իրավիճակում գնահատել ռուսական քաղաքականությունը։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը չունեն որևէ հարթակի ու որևէ մակարդակում Ռուսաստանի հետ շփումների պակաս, ուստի կարող են այս հարցը քննարկել»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Նա չնշեց, թե ինչ ավարտ կունենա Հայաստանի դիմումը «Գազպրոմին» այս փուլում և հայ-ռուսական գազային բանակցությունները։

«Կարծում եմ, դրանք կերկարաձգվեն նաև այն մարտահրավերի պատճառով, որը նշեցի։ Չեմ բացառում, որ լինեն ժամանակավոր լուծումներ, սակայն երկարաժամկետ գների համար կարիք լինի ավելի երկար բանակցել։ Շատ բան կախված է լինելու կորոնավիրուսից հետո աշխարհում ստեղծվելիք տնտեսական վիճակից, գներից, ճգնաժամի առկայությունից կամ հակառակը, ուստի կարծում եմ՝ սա անկայուն փուլ է այս հարցով հստակ կանխատեսումներ անելու համար»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս