«Կորոնավիրուսի հետ կապված՝ Հայաստանում և Իրանում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնք ազդելու են երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների վրա». Իրանագետ
«Կապված կորոնավիրուսի համավարակի հետ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում առաջացել են զգալի խոչընդոտներ, և բնական է, որ դրանք ազդելու են երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների վրա: Ակնհայտ է, որ այդ հարաբերությունները կդրսևորեն նվազման միտումներ, եթե հատուկ ու հստակ ծրագրված ռազմավարությամբ քայլեր չիրականացվեն, որոնք առաջին հերթին պետք է վերաբերեն այն ոլորտներին, որտեղ Հայաստանը և Իրանը ունեն զգալի առաջընթաց, խոսքը, բնականաբար, էներգետիկ ոլորտի մասին է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկու երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ներկայիս ծանր իրավիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Իրան տնտեսական, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական հարաբերությունների վրա:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ակնդետ հետևի Իրանում տեղի ունեցող գործընթացներին՝ կապված Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, նաև Հայաստան-Իրան երկաթուղու հետ, քանի որ իրանական տարբեր վերլուծական շրջանակներում այդ խնդիրները նույնիսկ այս իրավիճակում քննարկման առարկա են:
«Կարծում եմ՝ նման պայմաններում Հայաստանը շատ ակտիվ այս ուղղությամբ Իրանի հետ պետք է աշխատի, այսինքն՝ գոնե այն ուղղությունները, որոնք անմիջականորեն կապված չեն, այսպես ասած, համավարակի տարածման հետ, խոսքը, բնականաբար, սննդամթերքի և այլ խնդիրների մասին է, երկու կողմերը պետք է ջանան պահել իրենց օրակարգերում և աշխատանքներ ծավալեն այդ ուղղությամբ»,- շեշտեց իրանագետը:
Ինչ վերաբերում է հայ-իրանական քաղաքական հարաբերություններին, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ այդ հարաբերություններում որոշակի խոչընդոտ է ի հայտ բերել Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը, քանի որ Իրանի մամուլում, իրանական քաղաքական շրջանակների կողմից բավականին կոշտ քննադատություն է հնչել Հայաստանի հասցեին: Այս իմաստով Հայաստանը գոնե իր համար պետք է հստակեցնի, որ, եթե Իրանի հետ հարաբերություններում ի հայտ է գալիս խոչընդոտ՝ կապված այդ դեսպանատան բացման հետ, Հայաստանը դրա փոխարեն ի՞նչ է ստանում:
«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը բաց է, որովհետև որքանով տեղյակ եմ՝ որևէ մեկն առայժմ մանրամասն չի բացատրել, թե ինչ նպատակ է հետապնդում դեսպանությունը և ինչպիսի օգուտներ կարող է Հայաստանը դրանից ստանալ: Եթե խոսքը վերաբերում է Իսրայել-Ադրբեջան համագործակցության հավասակշռելուն, ապա կարծում եմ՝ դա այդքան էլ տրամաբանական չէ, քանի որ այդ երկու երկրների հարաբերություններն այնքան խորն ու բազմակողմ են, որ չեմ կարծում, թե այդ ոլորտում Հայաստանը կարող է հանդես գալ՝ որպես մրցակից: Նաև պետք է հստակորեն արձանագրենք, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, իսկ Իսրայելի հետ հարաբերությունները, չեմ կարծում, որ ունեն նման կարևորություն ու նշանակություն»,- նշեց նա:
Իրանագետի կարծիքով՝ ներքին խողովակներով Հայաստան-Իրան հարաբերությունները մնում են բարեկամական, և այդ հարաբերություններում Իրանում կան հայամետ գործիչներ, որոնք աշխատում են այդ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, ուստի Հայաստանը չպետք է թուլացնի նրանց դիրքերն Իսրայելում դեսպանատուն բացելով, քանի որ հայկական լոբբինգով զբաղվող անձինք և խմբերը շատ դեպքերում օգտագործում են այդ հանգամանքը, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի խորը հարաբերություններ, և այս իմաստով կարողանում էին առաջ տանել հայկական շահերը:
«Պետք է օգտվել ոչ թե քարոզչական տիրույթում միմյանց հարվածներ հասցնելու մեթոդաբանությունից, դա ամենևին վայել չէ նման բարձր մակարդակ ունեցող պետությունների հարաբերություններին, այլ աշխատեցնել ներքին խողովակները, որի համար զանազան գործիքակազմեր կան, խոսքը վերաբերում է թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական խողովակներին, որոնք իրենց մեջ ներառում են գիտական և ակադեմիական շրջանակները»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը:
Հարցին՝ այժմ, երբ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տարածված է կորոնավիրուսը, և երկու երկրներն էլ ծանր դրության մեջ են, արդյո՞ք կարող են միմյանց որևէ բանով աջակցել, իրանագետը պատասխանեց, որ՝ հաշվի առնելով հազարամյա պատմական փորձը, կողմերը կարող են միմյանց եթե ոչ՝ շատ շոշափելի, գոնե խորհրդանշական աջակցություն տրամադրել, որը կարող է լինել բարոյահոգեբանական:
«Միանշանակ գովելի էր, երբ Երևանում հայտնվեցին Իրանին սատարող պարսկերենով գրառումներ, երբ Իրանը պայքարում էր կորոնավիրուսի դեմ: Նման խորհրդանշական քայլերն էլ կարող են շատ դեպքերում արդյունավետ լինել, որովհետև շատ դեպքերում, չեմ կարծում, թե այս իրավիճակում Հայաստանը կարող է լուրջ օգնութուն տրամադրել Իրանին, և հակառակը, որովհետև երկու պետություններն էլ բախվել են աննախադեպ իրավիճակի, և առաջին հերթին՝ պետք է կարողանալ կառավարել առկա ճգնաժամը: Խորհրդանշական և բարոյական տիրույթներում մենք կարող ենք չափազանց ազդեցիկ քայլեր անել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իրանցիները յուրահատուկ ժողովուրդ են, և այս աջակցությունը նրանց համար շատ դեպքերում կարող է շատ ավելի նշանակալի լինել, քան, դիցուք, նյութական աջակցությունը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:



