Կառավարության բաժինը պետք է համապատասխան ժամկետում վճարվի կառավարությանը. Էկոնոմիկայի նախարար
«Հարկային վճարումների համար օրենքով սահմանված ժամկետները փոփոխելու հարց չի քննարկվում»,- 168.am-ի հարցին, թե՝ հաշվի առնելով երկրում 10 երկարաձգված արտակարգ դրության սահմանափակումները և այն, որ առնվազն 17 օր կազմակերպությունները չեն աշխատելու, իսկ ապրիլի 20-ին հարկային, ներառյալ՝ տարեկան ֆինանսական հաշվետվություններ պետք է ներկայացնեն հարկային ծառայությանը, արդյո՞ք նախատեսվում է երկարացնել ժամկետը կամ որևէ այլ լուծում ներդնել, պատասխանեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Եթե խոսում ենք շահութահարկի մասին, եկեք հիշենք, որ դա վերաբերում է 2019 թվականի ընթացքում կազմակերպությունների գործունեության արդյունքում ձևավորված շահույթներից վճարված հարկին: Իսկ եթե եղել են այդպիսի շահույթներ, նշանակում է նաև, որ այդ շահույթների այն մասը, որը բաժինն է կառավարության, պետք է համապատասխան ժամկետում վճարվի կառավարությանը:
Մյուս հատվածը, որ ապրիլի 20-ին ունի վճարման պարտավորություններ, դա եռամսյակային է, ընդհանրապես յուրաքանչյուր ամսվա, ոչ միայն ապրիլ, բայց քանի որ շեշտվեց նախորդ տարվա առնչությամբ, ես դրա համար պարզաբանեցի, հարկերը վճարվում են եկամուտներից: Եթե կան այնպիսի ստացված եկամուտներ և շահույթներ, որ ավելի կարևոր են, որոնք կառավարության առջև, պետության առջև առաջացնում են հարկային վճարումների պարտավորություններ, ապա կազմակերպությունները պետք է բավականաչափ պատասխանատու գտնվեն և սահմանված ժամկետներում պետության հասանելիքը փոխանցեն պետությանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ գումարները ծառայում են կենսաթոշակներ, աշխատավարձեր, նպաստներ վճարելու համար, որոնց կարիքն այս օրերին չի նվազել, շատ դեպքերում, ըստ նրա՝ էապես բարձրացել է:
Նույն հարցին ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից մեզ հայտնեցին, որ այդ հարցը կարգավորված է Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-ին մասերով, իսկ ՊԵԿ-ն այս հարցի վերաբերյալ մարտի 25-ին հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով չուշացնել հարկային հաշվետվությունները: