Բաժիններ՝

Տարածքների վարձավճարների հարցում պետք է վարձակալ-վարձատու համաձայնություն, կառավարությունը չի միջամտի

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և որոշ կազմակերպությունների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված՝ որոշ կազմակերպություններ հայտնվել են սոցիալական լուրջ խնդիրների առաջ: Շատ կազմակերպություններ չեն կարողանում վճարել իրենց գործունեությունն իրականացնելու համար վարձակալած տարածքների վարձավճարները, քանի որ  փաստացի գործունեություն չեն իրականացնում:

Նման կազմակերպությունների շարքին դասվում են բուքմեյքերական ընկերությունները, սպասարկման տարբեր գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

Էկոնոմիկայի նախարարը հնչեցված հարցին պատասխանեց, որ  ինչքան էլ իրավիճակն արտակարգ է, կառավարությունն այստեղ անելիք չունի:

«Իրավիճակն իրոք սովորականներից չէ: Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Մենք հասկանում ենք և նաև հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե՛ վարձակալը, և թե՛ վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և իրենց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և՛ կրած կորուստները, և՛ հնարավորությունները»,- հարցին անդրադառնալով՝ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության ներկայացուցիչը չի ժխտում, որ նման խնդրի առաջ շատերն են կանգնած, բայց այստեղ իրենց գործունեությունը սկսվում և ավարտվում է քաղաքացիներին կոչով դիմելով:

«Այստեղ կառավարությունը շատ չի կարող միջամտել, բայց մենք հուսով ենք և կոչ ենք արել բոլոր այն դեպքերում, որ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով  կատարեն վճարումները, մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնել միջինը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս