ԱՄՆ-ում ամենուր ժամանակավոր հոսպիտալներ են բացվում
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Նյու Յորքի Քվինս թաղամասի Էլմհարսթ հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հիվանդների: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր:
Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների ձայնը: Որոշ հատվածներում կարելի է հանդիպել սառնարաններով բեռնատարների:
Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: Այսօր ԱՄՆ-ում հիվանդների թիվն անցել է 200 հազարը: Կորոնավիրուսից մահացել է շուրջ 4300 մարդ: Այս թիվը գերազանցել է ընդհանուր մահացածների թիվը Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը:
ԱՄՆ պաշտոնական աղբյուրները նշում են , որ մահերի թիվը կարող է լինել անհամեմատ ավելի մեծ՝ 100 մինչև 200 հազար մարդ:
Հաշվի առնելով այս զարգացումներն` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:
Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակաբոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է թենիսի ԱՄՆ-ի բաց մրցաշարը:
Լոս Անջելեսի «Մերսի» նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը: