
«Այ, դրա մասին էինք խոսում, որ ասում էինք՝ վերջին միջոցն է, որ արդյունավետ է, որ համաչափ է». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի շուրջ իրավաբանների հնչեցրած մտահոգություններին՝ նշեց.
«Ասում էին, որ նման միջամտությունը կարող է իրավաչափ համարվել, եթե իրավաչափ նպատակ է հետապնդում, համաչափ է այդ միջամտությունը, և քանի որ խոսքը, ըստ էության, մասսայական անձնական տվյալների և մասնավոր ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների հասանելիության մասին էր, իհարկե, ոչ ամբողջ ծավալով (խոսքը միայն տեղակայման և զանգելու փաստերի մասին է), արդյո՞ք դա այն վերջին միջոցն էր՝ առանց որի արդյունավետ պայքար հնարավոր չէր մղել համաճարակի տարածման դեմ»:
Այս միջոցի անհրաժեշտությունն ընդգծելու համար նախարարը հիշեցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ հրապարակած վիճակագրական տվյալներն առ այն, որ գործող սահմանափակումների պահպանմամբ՝ ակնկալվում է 7 օրը մեկ կրկնապատվող վարակակիրների քանակ.
«Եթե միայն այդ վիճակագրական տվյալը վերցնենք և տեսնենք՝ մենք ինչ ենք արել. Մենք ասում ենք, որ զանգը, զանգելու փաստը և միևնույն տեղանքում հայտնվելը, որը տեղորոշման միջոցով է իրականացվում, ավտոմատ համակարգը միանգամից այդ երկու տվյալները համադրում է, որ վարակակրի տեղակայման վայր, զանգեր, և եթե զանգի հասցեատերերի հետ իրենք մի տեղակայման վայրում պարբերաբար հայտնվել են, դա նշանակում է՝ ռիսկի գործոն: Ռիսկի գործոնի հիման վրա ավտոմատ համակարգը բերում է նշված տեղեկությունները, և ի՞նչ է ստացվում, եթե հիմա վարակակիրը, օրինակ, շփվել է 10 անձանց հետ, և վարակակիրը նոր է թեստավորվում, բայց ավելի վաղ է վարակել, պոտենցիալ վարակակիրների քանակը, օրինակ՝ հինգ է, այդ հինգ անձինք կիմանան նրա մասին, որ իրենք պոտենցիալ վարակված են, երբ որ թեստի արդյունքները լինի, հետո նոր վերջինս տեղյակ պահի՝ ում հետ է շփվել, և այլն:
Ինչ է այս նախագծով փոխվում՝ անմիջապես ավտոմատացված տվյալների հիման վրա կբերվեն տեղեկությունները, և այդ հինգ անձինք ավելի վաղ կտեղեկացվեն, որ հնարավոր է՝ իրենք վարակվել են, և կկիրառվի մեկուսացման-ինքնամեկուսացման սահմանափակումները: Իրենք իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները, և այդ շղթան հնարավոր կլինի կոտրել»:
Ռ. Բադասյանը վստահեցնում է՝ դինամիկան, որը 7 օրը մեկ բերելու է վարակակիրների կրկնապատկման, այս միջոցով հնարավոր է կանխարգելել.
«Այ դրա մասին էինք խոսում, որ ասում էինք՝ վերջին միջոցն է, որ արդյունավետ է, որ համաչափ է, որովհետև մի դեպքում՝ կյանքի և հանրային առողջության պահպանումն է, մյուս դեպքում՝ համաչափ և շատ սահմանափակ անձնական տվյալների հավաքագրումը՝ համաճարակի դեմ պայքարելու համար»: