Բաժիններ՝

«Պահպանենք և պաշտպանենք բժշկին». Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին: «Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Չխախտելով ավանդույթը՝ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես նախորդ՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսությունների ընթացքում, այս անգամ ևս տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին:

«Բժիշները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, և երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը,-ասել է նախագահը:-Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրրոդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները՝ «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում»:

Հանրապետության նախագահը նշել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս