«Պատերազմական ժամանակների տնտեսությունը. Ինչպես 2020 թ. պանդեմիան կփոխի աշխարհը». Forbes
Կորոնավիրուսի համաճարակն աշխարհին փոփոխություններ կբերի, որոնք իրենց ծավալներով համեմատելի կլինեն համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին: Այսպես է կարծում տնտեսագետ Անդրեյ Մովչանը:
«Ճգնաժամը չի կարելի կանխատեսել, քանի որ այն, ինչ կանխատեսելի է, արդեն ճգնաժամ չէ» արտահայտությունը 2020թ. սկզբի համար միաժամանակ և շատ ճիշտ ու բացարձակապես սխալ դուրս եկավ: Ֆինանսական շուկաների, բիզնեսի, հասարակության համար կորոնավիրուսի համավարակն օրինաչափորեն դարձավ ոչ թե անսպասելի մի բան, այլ անսպասելի տիպի անսպասելիություն: Մենք սովորել էինք, որ տնտեսությունն իր օրենքներով է ապրում, իսկ կենսաբանական կյանքը՝ իր: Իսկ ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության, առողջապահական ազգային համակարգերի, կառավարությունների համար պանդեմիան ոչ մի կերպ չպետք է անսպասելի բան լիներ. Կոմպետենտ մասնագետները բազմիցս նախազգուշացրել էին ոչ միայն վիրուսային պանդեմիայի պոտենցիալ հավանականության, այլև հենց սրա հնարավոր մուտացիայի մասին: Չպետք է լիներ, բայց եղավ: Ոչ SARS-ը, ոչ MERS-ը, ոչ զգուշացումները, ոչ կորոնավիրուսի մուտացիան, հնարավոր է, չստիպեցին նրանց, ում հարկատուները պատվիրակել էին պատասխանատու լինել համաշխարհային առողջապահության համար, ոչ նախապես հոգ տանել համապատասխան պատվաստանյութ ստեղծելու համար, ոչ վարակի տարածման դեմ պայքարին ուղղված արդյունավետ արձանագրություններ գրել, և ոչ էլ հզոր պահեստային հնարավորություններ ստեղծել հիվանդների զանգվածային բուժման համար:
Հետ դեպի կարանտին
Համաճարակի սկզբից շուրջ 3 ամիս անց նոր-նոր միայն սկսեցին ուրվագծվել պետությունների հոդաբաշխ պատասխաններն այս սպառնալիքին, հոդաբաշխ, բայց ոչ միշտ` ադեկվատ: Դեռևս աղետալի կերպով բավարար չեն, թվում էր, թե ակնհայտ իրական գործողությունները: Հարկավոր են ախտահարված շրջանների պաշտպանությանն ուղղված միջոցների զանգվածային արտադրության կազմակերպում, պատվաստանյութերի ու դեղամիջոցների թեստավորում, առաջին անհրաժեշտության ապրանքների մաքսային խոչընդոտների վերացում և շատ այլ գործողություններ:
Փոխարենը՝ ակտիվորեն կիրառվում են հին մեթոդները` կարանտինները: Այնտեղ, ուր դրանք համադրվում են վարակի տեղաշարժման ճանապարհների մանրամասն վերահսկողության, քիչ թե շատ զանգվածային թեստավորման ու բոլոր պոտենցիալ վարակակիրների մեկուսացման հետ, ավելի լավ են աշխատում: Իսկ այնտեղ, ուր շեշտը դրվում է միայն սոցիալական շփումների սահմանափակման վրա, ավելի վատ: Տեսակետ կա, որ օպտիմալ ռազմավարությունը հենց պոտենցիալ վարակակիրներին հայտնաբերելն ու մեկուսացնելն է, իսկ կարանտինային միջոցները գործնականորեն սրան ոչինչ չեն ավելացնում:
Շատ տեղերում դեռ առանձնապես բան էլ չի արվում: Օրինակ, խիստ սահմանափակ են թեստ հանձնելու հնարավորությունները, պատասխանի անթույլատրելիորեն երկար են սպասում, շարունակում են աշխատել հասարակական տրանսպորտն ու կոլեկտիվ օգտագործման շատ վայրեր: Սա կարող է հանգեցնել Բերգամոյի սցենարին: Խնդիրը սոսկ ժամանակի մեջ է:
Սակայն ամենուր կառավարական միջոցառումները լրջորեն խաթարել են տնտեսությունը:
Կարանտինները շատ բիզնեսների կանգ ու, համապատասխանաբար, դրանց մասնակիցների շահույթների նվազեցում են ենթադրում, իսկ դա նշանակում է սպառման ու խնայողությունների նվազեցում: Առաջինը հարուցում է առհասարակ բոլոր բիզնեսների շահույթի շղթայական անկում, իսկ երկրորդը` երկարաժամկետ և ֆինանսական ակտիվների արժեքի անկում: Սրան կհետևի հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը: Պետական պարտքերի ծավալները կաճեն ողջ աշխարհում, ինչը հիմք կդնի ապագա ինֆլյացիային: Սա վատ նորություն է նրանց համար, ովքեր կպահպանեն իրենց խնայողությունները:
Հնարավոր է, նրանց համար կա ևս մեկ վատ նորություն: Պատերազմների ու կատակլիզմների նախկին ժամանակաշրջաններում պետությունները շատ հաճախ էին դիմում տնային տնտեսուհիների կուտակած խնայողություններին ու շահույթներին` որպես հասարակության ամենաաղքատ հատվածներին, արտադրական ամենակարևոր միջոցներին, սեփական բյուրոկրատական համակարգերին աջակցելու միջոց:
Կանխատեսում վաղվա համար` վիրուսային դեպրեսիա 20
Եթե այս կատակլիզմը երկարի, ապա, ի հավելումն ապագա ինֆլյացիոն հարկի, մենք կարող ենք տեսնել հասարակության քիչ թե շատ ապահովված խավերի շահույթների ու ունեցվածքի հարկերի աճ: Պատերազմը պատերազմ է, և այստեղ ոչ ոքի պետքը չեն բիզնես մոտիվացիան ու էլիտայի շահերը:
Թեպետ մենք չգիտենք, թե որքան արագ կհաջողվի կանգնեցնել համաճարակը, մենք արդեն հստակ հասկանում ենք, որ դա տեղի կունենա ոչ շուտ, քան տեղի կունենա Երկիր մոլորակի բնակչության մեծ մասի իմունիզացիան, իսկ դրա համար հարկավոր կլինի մոտ 2 տարի, կամ, երբ կհայտնվի արդյունավետ պատվաստամիջոց, ինչի համար կպահանջվի 9 ամսից մինչև 1 տարի ժամանակ, կամ էլ, երբ հրաշք կերպով կգտնվի այն դեղամիջոցը, որն էականորեն կթեթևացնի հիվանդության ընթացքը: Սրա հույսը քիչ է, բայց նույնիսկ, եթե դա տեղի ունենա, 1-3 ամիս ժամանակ պետք կլինի այն թեստավորելու և էլի որոշ ժամանակ դրա զանգվածային արտադրության համար: Եթե իրատես լինենք, 6-12 ամիս խիստ սահմանափակումների ժամանակաշրջան կլինի:
Զբոսաշրջային, հյուրընկալության, զվարճանքների ու օֆլայն կրթական ոլորտի բիզնեսներում շուրջ 100 տոկոս կրճատում կլինի: Այդպիսի կրճատման տևողության հավանականությունը 1-3 եռամսյակ է: Գրեթե 100 տոկոսով ամառային տուրիստական շրջան չի լինի եվրոպական երկրներում ու Հյուսիսային Աֆրիկայում: Այս բիզնեսների սպեցիֆիկան հաշվի առնելով` կարելի է սպասել առավել փոքր խաղացողների տոտալ սնանկացման: Դրանք տուրօպերատորներն են, ռեստորանները, իվենթ-գործակալությունները: Վարկունակության էական կորուստ կունենան հյուրանոցատերերը, խոշոր զբոսաշրջային ցանցերն ու համակարգերը: Այս բիզնեսների աշխատակիցների մեծ մասն աշխատանքը կկորցնի:
Ուղևորահոսքի անկման պատճառով էականորեն կկրճատվի տրանսպորտային ընկերությունների բիզնեսը: Հաշվի առնելով, որ ավիաընկերությունները ողջ աշխարհում են գործնականորեն ոչ շահութաբեր, նրանք բոլորը պետական աջակցության կարիք կունենան:
Էականորեն կկրճատվի վառելանյութի պահանջարկը, և դա նավթի գները կշարունակի պահել ցածր մակարդակի վրա:
Մեզ սպասում է օրենսդրական, ներդրումային, կառուցվածքային փոփոխությունների դանդաղեցում: Դա այնքան սարսափելի չի լինի, եթե կարանտինը շարունակվի 1-2 եռամսյակ, բայց այսպիսի դանդաղեցումը ողջ պետական մեքենայի աշխատանքի արգելակման հետևանք է: Իսկ դա նշանակում է, որ դատական գործերի քննությունները, թույլտվությունների ու լիցենզիաների տալը, նախագծերը հավանության արժանացնելը, համաձայնագրերի թարմացումները կամ կդանդաղեն, կամ առհասարակ կչեղարկվեն:
Ի տարբերություն, այսպես կոչված, Մեծ դեպրեսիայի` աշխարհի պետությունների մեծ մասն այսօր տիրապետում է հզոր դրամական միջոցների վերաբաշխման համար: Հավանաբար աշխարհում ոչ մի տեղ վիրուսային 2020 դեպրեսիան սով չի հարուցի, և գործազուրկների ամբոխները չեն լցվի փողոցները՝ աշխատանք գտնելու հույսով: Չնայած վարկային արձակուրդներին, դեֆոլտներին` բանկերը ամբողջ ծավալով աջակցություն կստանան, և աշխարհի ֆինանսական համակարգը գործնականորեն անխափան կաշխատի, միայն թե ավելի կենտրոնացված կլինի:
Կառավարություններն ու Կենտրոնական բանկերն իրենց էմիսսիոն հնարավորություններն օգտագործում են, որ մասնակիորեն փոխհատուցեն իրենց քաղաքացիների` անկում գրանցող շահույթները` կարիքավորներին աջակցելով ուղիղ սուբսիդիաներով: Խոշոր տնտեսություններն արդեն ուղղակիորեն հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին, և դրանց քննարկվող ընդհանուր գումարը գերազանցում է 10 տրիլիոն դոլարը:
Բայց սա չի նշանակում, որ բոլոր տնտեսական ագենտները կարող են հաղթահարել սպառման անկման ու աշխատանքի սահմանափակումների` կես տարի տևելիք շոկը: Մենք, անտարակույս, կտեսնենք սնանկության ու դեֆոլտների, բիզնեսների փակման, առուծախի, տերերի փոփոխության, ազգայնացման էական աճ: Եվ թեպետ ֆիզիկական և ոչ նյութական ակտիվներին բան չի լինի, համաճարակից հետո բիզնես-լանդշաֆտը, իհարկե, էականորեն կտարբերվի ընթացիկից:
Վաղը չէ մյուս օրվա կանխատեսումը
Իսկ հետո համաճարակը կավարտվի: Չեն տուժի ոչ անշարժ գույքը, ոչ գործարաններն ու ֆաբրիկաները, ոչ տրանսպորտը, ոչ բնությունը: Վերջինս նույնիսկ ավելի մաքուր կդառնա: Չեն տուժի իսկապես անհրաժեշտ ապրանքներ արտադրող ձեռնարկությունները, լինի դա սննդամթերք, արդյունաբերական ապրանքներ թե ծառայություններ, եթե միայն նրանց բիզնեսը մինչ համաճարակը չափազանց վարկավորված չլիներ ու չունենար լիկվիդայնության աջակցություն ստանալու հնարավորություն: Իրականում չեն տուժի նաև այլ բիզնեսներ, եթե դրանք ունեցել են լիկվիդայնության բարձիկ, որը բավարար կլիներ ֆիքսված ծախսերը փակելու համար, դրական unit-տնտեսություն և ֆինանսավորման հուսալի աղբյուրներ: Պետություններն ահռելի միջոցներ կծախսեն հետևող ու թեստավորման համակարգերի կատարելագործման, ծայրահեղ կարևոր ոլորտների ազգայնացման ու լոկալացման, նոր տեսակի` համաճարակային գլոբալ ճգնաժամերին արձագանքելու համակարգերի ստեղծման համար:
Ընդդիմադիր կուսակցությունները, իհարկե, սրան խիստ կընդդիմանան, բայց աշխարհում շատ քիչ կմնան այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան մասնավոր կյանքի ազատությանն աջակցել, ու կշատանան նրանք, ովքեր չեն ցանկանա մեռնել ուրիշների անփութության պատճառով:
Սահմանները, գրանցումները, ռեգիստրացիաները, որոնք սկսել էին կորցնել իրենց սակրալ իմաստը, կրկին կդառնան մեր կյանքի կարևոր տարրը:
Համաճարակի ավարտից 1-2 տարի անց կարող է գալ արժեթղթերի արժեքի երկարաժամկետ աճի ժամանակաշրջան:
Չնայած չարժե առաջ ընկնել: Ընթացիկ պանդեմիան մարդկության պատմության մեջ վերջին աղետը չէ, հնարավոր է՝ նույնիսկ մոտ ապագայի կանխատեսումներով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը