
«Ցանկացած պարագայում ինչպիսի սահմանափակումներ էլ դնենք, լինում են քաղաքացիներ, որոնք խախտում են այդ կանոնները». Տիգրան Ուլիխանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի խոսքով՝ արտակարգ դրությամբ պայմանավորված մարդկանց տեղաշարժը մայրաքաղաքում էականորեն կրճատվել է, ինչը գոհացուցիչ է:
«Ցանկացած պարագայում ինչպիսի սահմանափակումներ էլ դնենք, սա չի վերաբերում միայն այս արտակարգ դրությանը, լինում են քաղաքացիներ, որոնք խախտում են այդ կանոնները: Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մեր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա: Չեմ ուզում հղում կատարել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներին, թե ինչ բարդ հետևանքներ կարող են լինել ռեժիմը խախտողների համար, այլ ուզում եմ ուղղակի խնդրել քաղաքացիներին շատ պատասխանատու վերաբերվեն և հատուկ շեշտել, որ սա ուղիղ իրենց անվտանգության համար է»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ քաղաքացիներն այս իրավիճակում պետք է անձնապես գիտակցեն, որ իրենց ոչ իրավաչափ գործողություններով վտանգի տակ են դնում ոչ միայն շրջապատի, այլև իրենց ընտանիքի կյանքը:
Տիգրան Ուլիխանյանը չցանկացավ մեկնաբանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, որ իր առաջարկի ֆոնին՝ ԱԺ նիստերը չեղարկելու հետ կապված, շատ իշխանական պատգամավորներ փորձեցին «հերոսանալ»:
«Եթե ես հիմա մեկնաբանեմ ձեր նշած անձի հայտարարությունը, հետո իմ խոսքերը կարող են մեկնաբանել, որ ես նրա անունն օգտագործեցի հերոսանալու համար, այդ պատճառով էլ չեմ անդրադառնա»,- ասաց Տ. Ուլիխանյանը:
Նա նաև հավելեց, որ չի ընդունում ընդդիմադիրների մեղադրանքները, թե իշխանության քայլերը համապատասխան չեն արտակարգ իրավիճակին, թերևս, սա է պատճառը, որ այս պահին սահմանվել է համապատասխան խստացնող ռեժիմ: