«Երեկ նամակներ եմ ստացել, որ ՊԵԿ-ն արգելանքներ է դնում հաշիվների վրա». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ընթացքում մարդկանցից բազմաթիվ բողոքներ է ստացել՝ գյուղատնտեսության հետ կապված, մարդիկ բողոքում են, որ նախկինում եղած հնարավորություններն այսօր չկան:
Մարուքյանը հշեցրեց, որ Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի ժամանակ իրենց խմբակցության պատգամավորը վարչապետին ասել է, որ այսօր գյուղերին պարարտանյութ և դիզվառելիք չի տրվում, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասել է, որ այն ժամանակ թալանել են, դրա համար էլ չեն տալիս:
«Ժողովուրդ ջան, հիմա դուք եկել եք, չեք թալանում, դե տվեք մարդկանց, թող օգտագործեն, այսինքն՝ այն ժամանակ, որ թալանել են, և այսօր չեն տալիս, սա լուծո՞ւմ է: Հասկացանք` այն ժամանակ թալանել են, թող բռնեն-դատեն, բա հիմա գյուղացուն պետք է չէ՞ այդ պարարտանյութը, դիզվառելիքը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսական վարկերի հետ կապված՝ այսօր բանկերը ոչինչ չեն անում, սրա հետ կապված ևս բազմաթիվ նամակներ է ստացել:
«Երեկ նաև նամակներ եմ ստացել, որ ՊԵԿ-ն արգելանքներ է դնում հաշիվների վրա, ինչը կապված է ինչ-որ պարտավորություններ չկատարելու հետ: Հիմա մարդիկ հարց են տալիս, թե այս ճգնաժամի պայմաններում սա նորմա՞լ է, չգիտեմ, գոնե ինչ-որ ձևով այդ հարկային վարչարարությունը պետք է թուլացվեր, սրան զուգահեռ՝ ակնհայտ է, չէ՞, որ այսօր բազմաթիվ ընկերություններ չեն գործում, սրան գումարած՝ արդեն կան ընկերություններ, որոնք աշխատողներին ազատում են աշխատանքից»,- եզրափակեց նա: