
«2022 թվականի հունվարի 1-ից օրենքով կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը». Էրիկ Գրիգորյան

Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը:
Այսօր ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և ասաց, որ նախագծով նախատեսված է՝ 2022 թվականից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, բացառությամբ՝ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված տոպրակների վաճառքն ու իրացումը:
«Այս նախագիծը բավականին երկար ժամանակ քննակվել է Կառավարությունում, քննարկվել է նաև այս գործունեությամբ զբաղվող 44 ընկերությունների, իրացման ցանցերի հետ: Այս նախագծով նախատեսում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվի պլաստիկի օգտագործումը և այս ժամանակահատվածում նման գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին հնարավորություն տալ վերապրոֆիլավորվելու և նոր շուկայում վերադիրքավորվելու համար, դա կլինի կենսաքայքայվող պլաստիկի արտադրություն, պարկեր թուղթ, թե այլ բան, խորհուրդ կտամ այս շուկայում ծավալել գործունեություն և մրցակցային առավելություններ ստանալ ԵԱՏՄ շուկայում»,- նշեց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նաև շեշտեց, որ գրությամբ արդեն դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի ԱԺ-ում պլաստիկե շշերում եղած ջուրը փոխադրեն ապակե շշերի մեջ:
Նախարարը դժվարացավ ասել՝ այսօր Հայաստանում կենսաքայքայվող պլաստիկի արտադրություն կա՞, թե՞ ոչ, սակայն Երևանի փողոցներում տեսել է տոպրակներ, որոնք կենսաքայքայվող են, որոնք ստեղծված են այնպիսի հումքից, որը հայտնվելով բնության մեջ՝ առանց հետևանքների քայքայվում է:
«Իրազեկման աշխատանքների համար 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներից սկսած իրականացվել են իրազեկման արշավներ, իրականում արդեն բավականին մեծ փոփոխություններ կան: Եթե երկու տարի առաջ այն քաղաքացիները, որոնք տոպրակ չէին ուզում, նրանց խեթ-խեթ էին նայում, ապա այսօր դա զարմանք չի հարուցում: Այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ նույնպես շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրենց բազմակի օգտագործման տոպրակներով գնան սուպերմարկետներ և այդ պլաստիկե տոպրակները չվերցնեն, որի վրա, ըստ հետազոտությունների՝ վիրուսի մնալու ժամանակահատվածը բավականին երկար է»,- շեշտեց նախարարը: