Քաղաքական նեղմտության պտուղները

Ashotyan-Zorik

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։

«Մենք բախվել ենք ընդհանուր թշնամու հետ, որը չի խնայում և չի տարբերում ռասաները, ազգությունները կամ կրոնները»,- հայտարարել է նա հատուկ ուղերձում` հավելելով, որ  ամբողջ աշխարհում մոլեգնում են ռազմական հակամարտությունները, որից ամենաշատը տուժում են ամենաանպաշտպանները՝ կանայք, երեխաները, հաշմանդամները, հասարակության եզրին հայտնված մարդիկ և փախստականները։ Նրանք առաջին հերթին են COVID-19-ի համավարակի զոհ դառնում։

ՄԱԿ ղեկավարի խոսքերով՝ սրընթաց տարածվող համավարակի ֆոնին ավելի շատ է ակնհայտ դառնում պատերազմի անհեթեթությունը։

«Ահա թե ինչու եմ ես այսօր կոչ անում անհապաղ հրադադարի աշխարհի բոլոր անկյուններում։ Եկել է զինված հակամարտություններին «կարանտին» հայտարարելու և բոլոր ուժերն այդ պայքարի համար կենտրոնացնելու ժամանակը, որի ելքից մեր կյանքն է կախված»,- հայտարարել է Գուտերիշը։

Նա պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և «ստիպել հրանոթներին լռել», ինչը թույլ կտա կենսականորեն անհրաժեշտ օգնության համար միջանցքներ ստեղծել և հույս տալ նրանց, ով հատկապես խոցելի է COVID-19 կորոնավիրուսային վարակի հանդեպ։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ արդեն այսօր ինչ-որ տեղ թշնամական կողմերը երկխոսություն են վարում, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեղ միջոցներ գտնեն։

«Պետք է դադարեցնել պատերազմի համաճարակը և պայքարել հիվանդության դեմ, որն այսօր համակել է աշխարհը։ Եվ սկսել պետք է ամբողջ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցումից»,- ասել է նա։

Եվ ահա այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում միացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այդ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի 6-րդ գումարման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն իսկ առաջարկել էր նման կոչով հանդես գալ:

«Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը:

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային:

Դեռևս Հին Հունաստանում գոյություն ուներ «էկեխերիայի» սկզբունքը, որը կիրառվում էր Օլիմպիական խաղերի ժամանակ (έκεχειρία հին.հուն. – զինաթափում):

Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար», մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև: Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից՝ այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարոհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը: Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»,- գրել էր ԱԺ նախկին պատգամավորը:

Այս առաջարկով ՄԱԿ-ին դիմեց Ռուսաստանի Դաշնությունը, ու հիմա, փաստորեն, հայկական կողմը, ի դեմս ԱԳ նախարարի, ողջունում է այդ նախաձեռնությունը: Մի բան, որ Հայաստանը կարող էր ավելի շուտ անել, գոնե մեկ շաբաթ առաջ: Սա քայլ էր, որ ակնհայտորեն երկրին դիվիդենտներ կբերեր, բայց չարվեց մի պարզ պատճառով` առաջարկը ՀՀԿ-ական էր արել:

Տեսանյութեր

Լրահոս